ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն նախատեսում է զարգացնել և տեխնիկապես համալրել սևծովյան «Կովկաս» կայանը՝ դրա շահագործման հնարավորությունները բարելավելու և բեռնափոխադրման աճող ծավալներն ապահովելու նպատակով, երեքշաբթի Երևանում տեղեկացրել է ՌԵՈՒ փոխնախագահ Ավթանդիլ Գորգիլաձեն։
Այժմ Հայաստանի և Ռուսաստանի միջև լաստանավային երկաթուղային փոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով՝ ռուսական «Կովկաս» և վրացական Փոթի նավահանգիստների միջոցով։ Փոխադրումն իրականացնում է «Բլեք Սի Ֆերիս Լիմիթեդ» ընկերությունը, որի մասնաբաժնի 51 տոկոսը պատկանում է ՌԵՈՒ-ին։
Գորգիլաձեի խոսքերով՝ ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել բեռների ժամանակավոր պահպանման պահեստների ցանց, մասնավորապես, առաջարկվում է անցկացնել նախագծային-հետախուզական աշխատանքներ և «Կովկաս» կայանում կառուցել մինչև 1500 քառակուսի մետր մակերեսով ժամանակավոր պահպանման բաց պահեստ, ինչը թույլ կտա ապահովել լաստանավեր վագոնների տեխափոխման բարձր արդյունավետությունը։
«Կան նաև այլ ծրագրեր և նախաձեռնություններ, սակայն ժամանակավոր պահպանման պահեստի կառուցումն անհրաժեշտություն է», - ասել է Գորգիլաձեն հայ առաքիչների հետ հանդիպման ժամանակ՝ ավելացնելով, որ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի մոտակա ամիսների ընթացքում։
Փոխնախագահը նշել է, որ «Կովկաս-Փոթի» լաստանավային փոխադրման աշխատանքներում նուրբ հարցն է այն, որ Ռուսաստանի մաքսային մարմինների հետ համաձայնեցված է ՌԴ տարածք ապրանքային անվանացուցակի միայն ութ տեսակի բեռների ներմուծումը, դրանք են՝ ցեմենտը, խիճը, բետոնիտը, նատրիումի սիլիկատը, շինարարական քարերը, երեսապատման սալիկները, պեռլիտը, սինթետիկ կաուչուկը։ Միաժամանակ «Կովկաս» նավահանագստից Հայաստան թույլատրվում է ներմուծել բեռների ողջ անվանացուցակը։
«Ակցիզային բեռների հետ կապված հարցը դեռևս լուծված չէ։ Վերջերս ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի մոտ խորհրդակցություն է անցկացվել, և այս խնդրով զբաղվող կառույցների՝ մասնավորապես Մաքսային դաշնային ծառայության առջև հստակ խնդիր է դրվել, որպեսզի հարցը լուծվի մոտ ժամանակներս», - ասել է Գորգիլաձեն։
Նրա խոսքերով՝ այդ հարցը լուծելու համար անհրաժեշտ է, առաջին հերթին, մաքսավորների համար համապատասխան պայմաններ ստեղծել։
«Ցավոք, պայմանները դեռևս ստեղծված չեն, սակայն համատեղ ձեռնարկությունը (Բլեք Սի Ֆերիս Լիմիթեդ) և «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը ցանկանում են կառուցել ժամանակավոր պահպանման պահեստ, համապատասխանաբար համալրել այն, որպեսզի մաքսային կառույցները սկսեն աշխատել», - ասել է Գորգիլաձեն։
Նրա խոսքերով՝ հենց այդ ժամանակ ՌԴ կառավարությունը կլուծի ակցիզային բեռների տեղափոխման հետ կապված հարցը, որով Հայաստանը շահագրգռված է. դա ալկոհոլային և ծխախոտային արտադրանքն է։
«Անկեղծորեն տրամադրվածություն կա, և այն շատ լուրջ է», - նշել է Գորգիլաձեն։
Նրա խոսքերով՝ «Կովկաս-Փոթի» լաստանավային փոխադրման զարգացումը թույլ կտա լրացուցիչ բեռնափոխադրման հոսք ներգրավել Հայաստանի հետ հաղորդակցության հարցում, ինչպես նաև վերաուղղորդել գոյություն ունեցող և հեռանկարային արտաքին առևտրային բեռնահոսքի զգալի մասը, որը տարանցվում է Ուկրաինայի տարածքով։
ՌԵՈՒ փոխնախագահը նշել է, որ այն պայմաններում, երբ «Կովկաս» նավահանգստում չկա ակցիզային ապրանքներ ներկրելու հնարավորություն, հայ առաքիչները օգտվում են Իլյիչևսկ ուկրաինական նավահանգստից՝ Ռուսաստան բեռներ ներկրելու համար։-0-