Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղի նկատմամբ կիրառել տարածաշրջանային հակամարտությունների ռազմաքաղաքական հալեցման մոդելը. փորձագետ

14.05.2009, 17:47
Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղի նկատմամբ կիրառել տարածաշրջանային հակամարտությունների ռազմաքաղաքական հալեցման մոդելը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղի նկատմամբ կիրառել տարածաշրջանային հակամարտությունների ռազմաքաղաքական հալեցման մոդելը, հինգշաբթի Երևանում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Հայկ Քոթանջյանը։  

Նա նշեց, որ վերջին 4 տարվա ընթացքում ռազմավարական հետազոտությունների շատ կենտրոնների գլխավոր թեմաներից մեկը տարածաշրջանային հակամարտությունների հալեցման ռազմաքաղաքական և ռազմական տեխնոլոգիաների մշակումն է։

«Փաստորեն, եթե իրերը կոչենք իրենց անուններով, հիմք կա Կովկասում այդ տեխնոլոգիաների կիրառման խափանումը փաստելու համար՝ գրեթե ինքնորոշված ժողովուրդների կամքը ճնշելու միջոցով»,- ասաց Քոթանջյանը «Վերագնահատելով Հարավային Կովկասի անվտանգ միջավայրը. տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն և տրանսֆորմացիա» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ։  

Ինչպես կարծում է փորձագետը, Ադրբեջանը պատրաստվում է «հալեցման» միևնույն մոդելը կիրառել Ղարաբաղյան հակամարտության հանդեպ։   

«Բաքվի իշխանությունների կողմից տեղի է ունենում ռազմական ուժի և ռևանշիստական հռետորության անսահմանափակ մեծացում, ինչպես նաև նոր պատերազմի նախապատրաստում՝ «տարածքային ամբողջականության վերականգնման» համար՝ սքողված դիվանագիտական ակցիաներով, որոնք ուղղված են նրան, որպեսզի միջազգային հանրությունն արդարացնի պատրաստվող նոր համակարգված, առաջին հերթին՝ տարածաշրջանային մասշտաբի մարդասիրական աղետը»,- ասաց Քոթանջյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին, զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-