Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կարող է անուղղակիորեն դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, կարծում է Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը։
Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում, որոնց միջև դիվանագիտական հարաբերությունները բացակայում են, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, վերջին շրջանում որոշակի տեղաշարժեր են գրանցվել, մասնավորապես, արտաքին քաղաքական գերատեսչությունները հայտարարել են հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին և «ճանապարհային քարտեզ» ընդունել։
«Այնտեղ, որտեղ հարյուրամյակներ շարունակ խոր հակասություններ են կուտակվել, այսօր կան տեղաշարժեր, սա կարող է կարգավորման խթան դառնալ»,- հինգշաբթի Երևանում «Վերագնահատելով Հարավային Կովկասի անվտանգ միջավայրը. տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն և տրանսֆորմացիա» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ ասաց Կազիմիրովը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին, զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-