Հայաստանի տարբեր ոլորտներում բարեփոխումներ են նախատեսվում, և ակնկալվում է Եվրամիության անդամ երկրների աջակցությունն այս գործընթացին, հինգշաբթի Երևանում Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Փոլի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակը, զրուցակիցները քննարկել են Եվրոպական հարևանության քաղաքականության «Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի» կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների ծրագրին վերաբերող հարցեր։
Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Ազգային անվտանգության խորհրդի կառուցվածքն ու գործունեությունը։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Մեծ Բրիտանիայի երկկողմ կապերի զարգացման անհրաժեշտությունը, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի և Մեծ Բրիտանիայի համապատասխան կառույցի միջև կապերի ստեղծման ու զարգացման հնարավորությունները:
Կողմերն անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերություններին և ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերին: -0-