ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավային Կովկասում անվտանգության միջավայրի վերագնահատում. տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն և կերպափոխում» խորագրով միջազգային գիտաժողով տեղի կունենա Երևանում մայիսի 14-15-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը։
Ըստ նրա՝ համաժողովը կազմակերպվել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և Լիոնի Ժան Մուլեն համալսարանի Պաշտպանության և միջազգային անվտանգության հետազոտությունների կենտոնի (Ֆրանսիա) հետ համատեղ։
«Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն Հարավային Կովկասում ինտենսիվ կերպով փոփոխվող անվտանգությանն առնչվող խնդիրները՝ եվրաատլանտյան տարածաշրջանում անվտանգության նոր ճարտարապետության ընդգրկուն քննարկումների համատեքստում»,- ասաց Շահսուվարյանը։
Նա հայտնեց, որ գիտաժողովին կմասնակցեն մոտ քսան հեղինակավոր փորձագետներ և գիտնականներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Նորվեգիայից և Մեծ Բրիտանիայից։ -0-