Երևանում հանգստյան օրերին երկու դիակ է հայտնաբերվել

11.05.2009, 14:30
Երևանում հանգստյան օրերին երկու դիակ է հայտնաբերվել

Երևանյան լճի և Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում հանգստյան օրերին երկու դիակ է հայտնաբերվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

«Մայիսի 9-ին ժամը 14.27-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանյան լճում հայտնաբերվել է տղամարդու դիակ, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը», - ասվում է տեղեկատվության մեջ։

Դեպքի վայր մեկնած փրկարարները ժամը 15.10-ին լճից դուրս են բերել Երևանի բնակիչ, 1958 թ. ծնված Գագիկ Կարապետյանի դին։

Նույն օրը ժամը 18.48-ին Հրազդան-Սևան կասկադից ահազանգ է ստացվել այն մասին, որ Քանաքեռ ՀԷԿ-ի ափամերձ տարածքում  հայտնաբերվել է դիակ, և այն  դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ոստիկանների ներկայությամբ տեղի ուժերով ջրից դուրս է բերվել անձը չպարզված տղամարդու դիակ:-0-