ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ` Գյումրի, որտեղ ծանոթացել է «Մուշ» և «Անի» թաղամասերի կառուցապատման աշխատանքներին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Այցի շրջանակներում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, ՀՀ մարզպետների, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է աղետի գոտում բնակարանային շինարարության, ինչպես նաև ՀՀ մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանների միջև համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը:
Առաջին հարցի վերաբերյալ զեկուցել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ, հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, նշելով, որ այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել 22 շենքի կամ 1320 բնակարանի, Լոռիում և Սպիտակում` շուրջ 900 բնակելի տների շինարարությունը:
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Էդվարդ Մելիքյանն իր հերթին տեղեկացրել է, որ ընկերության կողմից Գյումրու «Մուշ» և «Անի» թաղամասերի կառուցապատման շրջանակներում ստեղծվել է շուրջ 300 աշխատատեղ` 90-100 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ աշխատանքների ողջ ծավալի իրացման դեպքում աշխատատեղերի թիվը կհասնի 1500-ի:
Վարչապետը աղետի գոտու բնակարանային շինարարարության աշխատանքների ընթացքը գնահատել է բավարար` միաժամանակ ուշադրություն հրավիրելով կառուցվող բնակարանների գնագոյացման հանգամանքների վրա, բնակչության համար բնակարանները հնարավորին չափով մատչելի դարձնելու նպատակով:
Խորհրդակցության օրակարգի հաջորդ հարցի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը՝ ներկայացնելով ՀՀ մարզերի և ԼՂՀ վարչական շրջանների միջև համագործակցության շրջանակներում իրականացված և ընթացիկ տարում նախատեսվող միջոցառումները:
Նշվել է, որ 2008թ. երկրորդ կեսին և այս տարվա առաջին ամիսներին արդեն իսկ իրականացվել են պատվիրակությունների փոխայցելություններ, տեղի է ունեցել փորձի փոխանակում, խորհրդատվություն, ինչպես նաև որոշակի աշխատանքներ են տարվել գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում համագործակցության ուղղությամբ:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանը, մարզպետներին` համագործակցության համար, ինչն, ըստ նրա, մեծապես նպաստում է ԼՂՀ տնտեսության զարգացմանը:
ԼՂՀ վարչապետը կարևորել է նաև բուհերի, դպրոցների միջև անմիջական կապերի ստեղծումը, մասնագիտական աջակցությունը, համագործակցությունն աստիճանաբար նաև զբոսաշրջության, բիզնեսի բնագավառներ տեղափոխելու խնդիրը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԼՂՀ ղեկավարությանը` համագործակցության իրականացմանը շահագրգիռ մոտեցում հանդես բերելու համար:
Փոխվարչապետն ընդգծել է փոխայցելություններին և նման հավաքներին կազմակերպված ընթացք հաղորդելու կարևորությունը, որպեսզի համագործակցությունը դառնա շարունակական:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն իրականացված աշխատանքների ընթացքը դրական է գնահատել:
Միաժամանակ, վարչապետն անդրադարձել է մի շարք խնդիրների, որոնք, ըստ նրա, կարևոր են նաև ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրի տրամաբանության տեսակետից:
Տիգրան Սարգսյանը կարևորել է ճգնաժամի պայմաններում հանրապետության բնակչության ամառային հանգիստը Հայաստանում և ԼՂՀ-ում կազմակերպելուն ուղղված միջոցառումները: Վարչապետը հանձնարարել է ՀՀ մարզպետներին, ինչպես նաև առաջարկել ԼՂՀ վարչապետին` կարճ ժամկետում տեղեկատվություն ներկայացնել ՀՀ մարզերում և Լեռնային Ղարաբաղում բնակչության հանգստի և զբոսաշրջության առկա պայմանների ու հնարավորությունների վերաբերյալ:
ՀՀ մարզպետներին հանձնարարվել է նաև գնահատել խաղողի մթերման այս տարվա ծավալներն իրենց մարզերում, խաղողի արտահանումն առավել արդյունավետ կերպով իրականացնելու համար: Տիգրան Սարգսյանը շեշտադրել է նաև սոցիալական նպաստների խնդիրը, որը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ կարևորվել էր ՀՀ նախագահի կողմից:
Նա հանձնարարել է մարզպետներին` ուշադրության կենտրոնում պահել այդ խնդիրը, միջոցներ ձեռնարկել նպաստ ստացող ընտանիքների ցուցակները ճշգրտելու, անօրինական նպաստառուներին բացահայտելու համար, որպեսզի այդ միջոցները հասնեն հենց այն անապահով խավերին, որոնք իսկապես ունեն դրա կարիքը:-0-