Իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ փախստականներին երկրի հասարակական կյանքում լիարժեքորեն ինտեգրելու համար. ՀՀ նախագահ

06.05.2009, 17:37
Իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ փախստականներին երկրի հասարակական կյանքում լիարժեքորեն ինտեգրելու համար. ՀՀ նախագահ

Իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ փախստականներին երկրի հասարակական կյանքում լիարժեքորեն ինտեգրելու համար, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և ազգաբնակչության հարցերով հանձնաժողովի զեկուցող, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր Ջոն Գրինվեյի հետ հանդիպմանը:

Ջոն Գրինվեյն ասել է, որ Հայաստան է ժամանել` ծանոթանալու փախստականների իրավունքների պաշտպանության խնդիրներին, քանի որ պատրաստվում է ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովում զեկույց ներկայացնել Եվրոպայում երկարաժամկետ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահ Սարգսյանի խոսքով` Հայաստանի իշխանությունները մշտապես կարեւորում են հասարակության խոցելի խավերի, որոցից մեկն էլ փախստականներն են, խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքները` դրանք կազմակերպելով այնպիսի մասնագիտացված կառույցների հետ, ինչպիսիք են ՄԱԿ փախստականների գծով գլխավոր հանձնակատարի երևանյան գրասենյակը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը և այլն:

Սերժ Սարգսյանն ասել է, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ փախստականներին երկրի հասարակական կյանքում լիարժեքորեն ինտեգրելու համար` երբեք չփորձելով շահարկել կամ քաղաքականացնել  նրանց հիմնախնդիրները:

Օրենսդրական դաշտի բարելավման տեսակետից նախագահն առաջընթաց քայլ է համարել փախստականների և ապաստան փնտրողների մասին միջազգային պահանջներին համահունչ օրենքի ընդունումը` նշելով, որ ներկայումս աշխատանքներ են տարվում պետական կառավարման համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Սերժ Սարգսյանը միաժամանակ ասել է, որ փախստականների հիմնահարցերը լիովին լուծելու համար Հայաստանի հնարավորություններն այսօր դեռևս սահմանափակ են, և մեր երկիրն ակնկալում է նաև միջազգային կազմակերպությունների օժանդակությունը:

Զրուցակիցներն առաջնահերթ լուծում պահանջող խնդիր են համարել  փախստականներին մշտական կացարաններով ապահովելը` այդ առումով կարևորելով բնակարանների ձեռքբերման վկայագրերի կիրառումը:-0-