ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը հաստատակամ է ընդարձակելու Հայաստանի հետ փոխգործակցությունը. Քլինթոն

06.05.2009, 12:53
ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը հաստատակամ է ընդարձակելու Հայաստանի հետ փոխգործակցությունը. Քլինթոն
ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը հաստատակամ է ընդարձակելու Հայաստանի հետ փոխգործակցությունը. Քլինթոն

ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը հաստատակամ է ընդարձակելու Հայաստանի հետ փոխգործակցությունը, հայտարարեց ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, Քլինթոնը նշել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների ամրապնդմամբ և զարգացմամբ, և նախագահ Օբամայի վարչակազմը հաստատակամ է ընդարձակելու երկու երկրների միջև փոխգործակցությունը:

Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով Վաշինգտոն այցելելու հրավերի համար, ընդգծեց, որ Հայաստանը, կարևորելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը՝ հետամուտ է լինելու ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանը և համագործակցության ընդլայնմանը:

Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական փոխգործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ կատարվեց մայիսին Երևանում կայանալիք հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին, քննարկվեցին մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրներ:

«Զրուցակիցները քննարկեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Պետքարտուղար Քլինթոնը որպես պատմական որակեց ապրիլի 22-ին Հայաստանի և Թուրքիայի  արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարությունը: Նա վերահաստատեց Միացյալ Նահանգների դիրքորոշումը` շարունակել ամենայն աջակցության ցուցաբերումը հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը»,- հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը:

«Քլինթոնն ընդգծեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը և նշեց, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր ամբողջական աջակցությունը հակամարտության կողմերի միջև համաձայնությունների ձեռքբերմանը և հիմնախնդրի հանգուցալուծմանը, ինչը, նրա բնորոշմամբ, նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման, կայունության և անվտանգության ամրապնդման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարար Նալբանդյանը պետքարտուղար Քլինթոնին ներկայացրեց  Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը Հիլարի Քլինթոնին հրավիրեց այցելել Հայաստան։-0-