Հայաստանի վարչապետը համագործակցության հարցեր է քննարկել ՌԴ ԱՀԾ տնօրեն Միխայիլ Ֆրադկովի հետ

05.05.2009, 16:24
Հայաստանի վարչապետը համագործակցության հարցեր է քննարկել ՌԴ ԱՀԾ տնօրեն Միխայիլ Ֆրադկովի հետ
Հայաստանի վարչապետը համագործակցության հարցեր է քննարկել ՌԴ ԱՀԾ տնօրեն Միխայիլ Ֆրադկովի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եերքշաբթի ընդունել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են կողմերի միջև համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր», ասվում է հաղորդագրությունում:

Տիգրան Սարգսյանը և Միխայիլ Ֆրադկովը համակարծիք են եղել, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության շրջանակներում պարբերաբար  իրականացվող նման հանդիպումներն ու շփումները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակությունն օգնում են ուշադրությունը պահելու աշխարհում, տարածաշրջանում, երկու երկրներում ընթացող քաղաքական, տնտեսական զարգացումների, անվտանգությանն առնչվող խնդիրների վրա` արդի աշխարհի նոր մարտահրավերները համատեղ դիմագրավելու, ստեղծվող իրավիճակներից արդյունավետ ելքեր գտնելու,  համակագործակցության  հետագա ուղիները նախանշելու նպատակով:

Զրույցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության  տեսակետները երկրի  տնտեսական իրավիճակի, համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի  բացասական ազդեցությունների և դրանց  հաղթահարման  ուղղությամբ ձեռնարկվող  միջոցառումների, հարևան երկրների, այդ թվում` Իրանի և Թուրքիայի  հետ Հայաստանի  հարաբերությունների, տարածաշրջանային  անվտանգության և համագործակցության հարցերի վերաբերյալ: --0--