ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևին հանձնվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Վալերի Գերգիևն արժանացել է այդ պարգևին հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած ավանդի համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը տրվում է տնտեսության, բնական և հասարակական գիտություններում, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ոլորտներում ներդրած ավանդի համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության՝արտերկրի հետ գիտատեխնիկական, տնտեսական և մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար։
Երկուշաբթի հայ երաժշտասեր հասարակությունը բացառիկ հնարավորություն կունենա ունկնդրելու աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարած Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը։
Համերգն անցկացվում է Հայաստանի նախագահի բարձր հովանու ներքո: Գիերգիևի հետ Հայաստան են ժամանել բալետի լեգենդար պարուհի Մայա Պլեսեցկայան, մեծանուն կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը, անվանի դաշնակահար Դենիս Մացուևը:
Երկուշաբթի արվեստի գործիչներին հյուրընկալել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահն ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների վերջերս կայացած հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել հումանիտար ոլորտում երկու երկրների լայն համագործակցությունը:
Ողջունելով մշակույթի անվանի գործիչների այցը Հայաստան՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանում իրենց արվեստը ներկայացրել են ռուսական մշակույթի բազմաթիվ նշանավոր դեմքեր:
Սարգսյանի խոսքերով, հումանիտար ոլորտում արդյունավետ գործակցությունը, հագեցած միջոցառումները մեկ անգամ ևս խոսում են երկու ժողովուրդների հոգևոր ամուր կապերի մասին:
Իր հերթին Գերգիևն ասել է, որ Հայաստան է եկել մեծ ուրախությամբ և հատուկ զգացումներով։
Նշելով, որ իր ղեկաված նվագախմբի հետ այսօր հանդես են գալու նաև հայ երաժիշտներ, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարն ասել է, որ աշխարհի տարբեր բեմերում հանդես են գալիս տաղանդավոր հայ երաժիշտներ, որոնցով Հայաստանն, իրավամբ, կարող է հպարտանալ: -0-