Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը խորհրդարանական հանձնաժողովին առաջարկում է աշխատանքը սկսել մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրությունից

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին առաջարկում է գործունեությունը սկսել մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրությունից։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։
«Հայտնի իրադարձությունների օբյեկտիվ և համակողմանի ուսումնասիրությունը, ինչպես նաև դրանց հիմնապատճառների բացահայտումն անհնար են առանց մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում քաղաքացիների հրապարակային միջոցառման դադարեցման իրավաչափության, այդ կապակցությամբ ոստիկանության գործողությունների օրինականության և գործադրված ուժի համաչափության պարզման: Այդ առումով, չափազանց կարևորում եմ, որպեսզի հանձնաժողովը, օգտվելով ՀՀ Ազգային ժողովի 16.06.2008թ. որոշմամբ սահմանված լիազորություններից, իր աշխատանքները սկսի հենց մարտի 1-ի առավոտվա իրադարձությունների համակողմանի ուսումնասիրությունից», - ասվում է ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին ուղղված մարդու իրավունքների պաշտպանի նամակում։
Նրա խոսքերով, դա կարևոր է՝ նկատի ունենալով հիշատակված իրադարձությունների և հետագա զարգացումների միջև առկա պատճառահետևանքային կապը, ինչպես նաև այն, որ մարտի 1-ի առավոտը ողջ գործընթացի առավել չուսումնասիրված և իրավապահ մարմինների կողմից առավել չպարզաբանված հատվածն է:
«Կարծում եմ, որ հանձնաժողովի գործունեության արդյունքում պետք է պատասխան ստանան մասնավորապես այն հարցերը, թե երբ, ում կողմից և կայացված ինչպիսի որոշման հիման վրա են գործել իրավապահ մարմինների աշխատակիցները մարտի 1-ի առավոտյան», - ասվում է տեղեկատվության մեջ։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նպաստելու հանձնաժողովի գործունեությանը թե անհրաժեշտ հարցադրումների մշակման, և թե ակնկալվող պատասխանների արժանահավատության գնահատման առումով:
Երևանում մարտի 1-2-ի դեպքերը և դրանց պատճառները հետաքննելու նպատակով հունիսի 16-ին որոշում է ընդունվել ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին։ Ենթադրվում է, որ հանձնաժողովի կազմում 11 անդամ կներառվի՝ երկուական պատգամավոր խորհրդարանական խմբակցություններից և մեկ անկախ պատգամավոր, սակայն «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը չի ներկայացրել իր պատվիրակներին, իսկ հանձնաժողով ներկայացված անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։
Հանձնաժողովի աշխատանքին մասնակցում է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։-0-