Հայաստանում զանգվածային անկարգությունների երկու մասնակիցներ դատապարտվել են բանտարկության

16.06.2008, 18:04
Հայաստանում զանգվածային անկարգությունների երկու մասնակիցներ դատապարտվել են բանտարկության

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մարտի 1-2 զանգվածային անկարգությունների երկու մասնակիցներ տարբեր ժամկետներով դատապարտվել են ազատազրկման. «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց ՀՀ վերաքննիչ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը։

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, երկուշաբթի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է դատավճիռ, որով Իսահակ Ժորայի Մալխասյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») և դատապարտել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով:

Դրա հետ մեկտեղ, դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Իսահակ Մալխասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:

Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») դատարանը վճռեց Մալխասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և նրան արդարացնել՝ արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով: Դատարանը որոշում է կայացրել որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու Մալխասյանին անհապաղ դատական նիստերի դահլիճից ազատ արձակելու մասին:

Նույն օրը Վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է որոշում, որով փոփոխել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի ապրիլի 17-ի դատավճիռը, որով Սարգիս Մարտիրոսի Պարունակյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») և դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով: Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց մեղավոր ճանաչել վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և դատապարտել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով:

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։--0—