Վիկտոր Համբարձումյանի 100-ամյա հոբելյանի տոնակատարությունների շրջանակներում ծրագրվում է վերականգնել նրա անձնական արխիվը

Վիկտոր Համբարձումյանի 100-ամյա հոբելյանի տոնակատարությունների շրջանակներում ծրագրվում է վերականգնել նրա անձնական արխիվը, ինչպես նաև հռչակավոր գիտնական-աստղաֆիզիկոսի տուն-թանգարանը։
«Այսօր շատ բան է արվում՝ աշխարհահռչակ գիտնականի ժառանգությունը պահպանելու ուղղությամբ, սակայն արխիվի աշխատանքն ու տուն-թանգարանի վերականգնումը լուրջ ֆինանսավորում են պահանջում», - հինգշաբթի լրագրողներին է ասել Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն Գրիգոր Բրուտյանը։
Բրուտյանը նշել է, որ արխիվի վերականգնման համար նաև մասնագետների պակաս կա, առավել ևս, որ «այս աշխատանքը մեկ օրվա չէ և անգամ ՝մեկ տարվա»։ Նա հիշեցրել է, որ արխիվացման աշխատանքներին մասնակցել են Հայաստանի ազգային արխիվից հրավիրված մասնագետներ, սակայն արխիվացման ենթակա փաստաթղթերի շուրջ կեսը դեռ մնացել է։
«Մենք օգնություն ենք խնդրել և հուսով ենք ստանալ այն, սակայն արդյունքը կերևա վերջում», - նշել է նա։
2008 թ. սեպտեմբերին Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակի տոնակատարությունների մեծ ծրագիրը մշակվել է դեռևս անցյալ տարի։
Վիկտոր Համբարձումյանը (1908-1996) հայտնի խորհրդային գիտնական է, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանն աշխատել է աստղերի և ամպամածությունների ֆիզիկայի, աստղագիտության և աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության (կոսմոգոնիայի) ոլորտներում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2008 թվականը հայտարարել է հայ մեծ աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի տարի։ Հայաստանում Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը նշվելու է մեծ շուքով։-0-