ՀՀ արտգործնախարարը հանդիպել է մի շարք երկրների դեսպանների հետ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 9-11-ը առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների հետ, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից։
Նալբանդյանը հանդիպել է Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադենի հետ: Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարը նշել է, որ լուրջ ներուժ կա տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային և կրթության բանագավառում փոխգործակցությունը խորացնելու համար։ Ընդգծվել է նաև քաղաքական երկխոսութան ակտիվացման անհրաժեշտությունը:
Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը դրական է գնահատել տնտեսական համագործակցության բնագավառում դինամիկ զարգացող հարաբերությունները: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Բոժկոն քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցության, ինչպես նաև մշակութային համագործակցության ընդլայնման հարցերը:
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է նաև Բրազիլիայի դեսպան Ռենատե Ստիլլեին: Ողջունելով դեսպանին` արտգործնախարարը գոհունակություն է հայտնել միջազգային կազմակերպություններում հայ-բրազիլական արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Նա նաև բարձր է գնահատել Երևանում տարածաշրջանայաին դեսպանություն բացելու Բրազիլիայի կառավարության որոշումը` վստահություն հայտնելով, այդ քայլը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:
Դեսպան Ստիլլեն իր հերթին նշել է, որ Հայաստանը հարավկովկասյան առաջին պետությունն է, որ իր դիվանագիտական ներկայացուցչությունը բացեց Բրազիլիայում, և դա լուրջ հիմք է երկու ժողովուրդների և պետությունների համագործակցության համար:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը նշել է, որ ՀՀ ԱԳՆ և ԵԱՀԿ գրասենյակի միջև ի սկզբանե ձևավորվել է սերտ համագործակցության ավանդույթ։ Նախարարը կարևորել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից տարբեր ոլորտներում բարեփոխումների աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Կապինոսն իր հերթին Հայաստանի արտգործնախարարին է ներկայացրել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետագա ծրագրերը, Հայաստանի մարզերում իրականացվող և հեռանկարային նախագծերը։
Ռումինիայի դեսպան Քրինա Ռոդիկա Պրունարիուի հետ հանդիպման ընթացքում նախարարը դրական է գնահատել երկու երկրների և ժողովուրդների միջև առկա փոխգործակցությունը։ Նալբանդյանը ցանկություն է հայտնել առավել սերտ համագործակցել Ռումինիայի հետ՝ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում։
Դեսպան Պրունարիուն իր հերթին նշել է, որ Ռումինիայի իշխանությունները կարևորում են Հայաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները: Կողմերը քննարկել են նաև հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։-0-