Արտախորհրդարանական ընդդիմությունը պետք է ընդգրկվի Երևանի մարտյան իրադարձությունների հետաքննության հանձնաժողովում

11.06.2008, 16:36
Արտախորհրդարանական ընդդիմությունը պետք է ընդգրկվի Երևանի մարտյան իրադարձությունների հետաքննության հանձնաժողովում
Արտախորհրդարանական ընդդիմությունը պետք է ընդգրկվի Երևանի մարտյան իրադարձությունների հետաքննության հանձնաժողովում

Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը պետք է ընդգրկված լինեն Երևանի մարտյան իրադարձությունները հետաքննող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի կազմում՝ ձայնի իրավունքով, կարծում է ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը։

«Հնարավոր է, որ դա հակասում է Ազգային ժողովի կանոնակարգի նորմերին, սակայն հաշվի առնելով երկրի ներքաղաքական վիճակը և հասարակության պառակտվածությունը՝ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս անհրաժեշտ է ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերել»,- ասաց նա չորեքշաբթի լրագրողներին։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հայկական ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը և վիրավորվել 265 մարդ։

Նրա խոսքով, եթե ձևաչափի փոփոխությունն անհնար լինի, ապա պետք է այլընտրանք ապահովվի՝ փորձագետների խմբի տեսքով, որտեղ հավասար չափով ներկայացված կլինեն թե իշխանության և թե ընդդիմության ներկայացուցիչները։

Խաչատրյանը նշեց, որ առաջին հերթին այդ հանձնաժողովը պետք է վայելի ժողովրդի լիակատար վստահությունը, և դրա ստեղծումը պետք է ընդունվի որպես քաղաքական ակտ՝ ուղղված իրական պատկերի բացահայտմանը։

«Մեր խնդիրը ոչ թե հասարակության վրա տպավորություն գործելն է, այլ մարտի 1-ի իրադարձությունների օվբյեկտիվ հետաքննություն անցկացնելը»,- ասաց նա։

ՀՀ ԱԺ պատգամավորները նախօրեին քննարկել են Երևանում մարտի 1-2-ի իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը։ Հանձնաժողովը պետք է անկախ հետաքննություն անցկացնի և իր եզրակացությունները ներկայացնի մինչև հոկտեմբերի 25-ը։

Հանձնաժողովը կվերականգնի իրադարձությունների ընթացքը, կբացահայտի ողբերգության պատճառները, ոստիկանության գործողությունների իրավաչափությունն ու համաչափությունը, կճշտի զոհվածների մահվան հանգամանքները, կներկայացնի նման իրադարձությունների կրկնումը բացառող առաջարկություններ։

Հանձնաժողովը հետաքննության անցկացման ընթացքում իրավունք կունենա անհրաժեշտ բոլոր տեղեկատվության համար դիմել պետական իշխանության և տեղական ինքնակառավարման, իրավապահ մարմիններին, աշխատանքներին ներգրավել փորձագետների, այդ թվում՝ նաև օտարերկրյա փորձագետների, այցելել ձերբակալվածներին և կալանավորվածներին։

Նախագծի համաձայն, հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար կներգրավվեն նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և արտախորհրդարանական այլ ուժեր, որոնք կկարողանան անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով մասնակցել նիստերին, կունենան հանձնաժողովի անդամների բոլոր լիազորությունները՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։--0—