ՀՀ վարչապետը ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր

05.06.2008, 10:49
ՀՀ վարչապետը ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՀՀ վարչապետը ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրեն Դոննա Դաուսեթ-Կոիրոլոյին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

«Անդրադառնալով Հայաստանում 2008-2012թթ. զարգացման քաղաքականության տարբերակների ընտրության վերաբերյալ Համաշխարհային բանկի զեկույցին` վարչապետը նշել է, թե այդ փաստաթղթում կան չափազանց հետաքրքիր առաջարկություններ, որոնք կարող են որոշակիորեն օգտակար լինել և թարմություն մտցնել կառավարության ծրագրերում», - ասել է վարչապետը։

Դաուսեթ-Կոիրիոլոն իր հերթին վերահաստատել է Հայաստանի հետ ՀԲ համագործակցության պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ շատ տպավորված է ՀՀ նախագահի քաղաքական հայտարարություններով և ցանկանում է ՀՀ կառավարության ղեկավարի հետ քննարկել այն առաջնահերթությունները, որոնք կարող են առաջիկա տարիներին դառնալ կառավարության և բանկի համագործակցության հիմքը:

Վարչապետը, համագործակցության արդյունավետության տեսանկյունից կարևորել է կառավարության` իբրև ընդհանուր մոտեցումներով և ծրագրերով միասնական թիմի, գործակցությունը ՀԲ-ի հետ։ Սարգսյանը նաև նշել է երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացման ճանապարհին բանկի աջակցության անհրաժեշտությունը:

Մասնավորապես ընդգծելով, որ կառավարության ծրագրում առաջնահերթություններն արդեն ամրագրված են՝ Տիգրան Սարգսյանը խոսել է հատկապես կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, կենսաթոշակային համակարգի բարեփոխումների, հարկային, մաքսային ոլորտներում վարչարարության կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հավակնոտ ծրագրերի իրագործման, էլեկտրոնային կառավարման ներդրման և տեղեկատվական հասարակության ձևավորման ուղղությամբ նախատեսվող ծրագրերում ՀԲ-ի աջակցության կարևորության մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև վերանայման գործընթացում գտնվող Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին` համակարծիք լինելով այս գործընթացում փաստաթղթի բովանդակությունը միաժամանակ վերնագրին համապատասխան դարձնելու հարցում, որն ըստ նրանց, կարող է լինել զարգացման ծրագիր կամ այլ նմանատիպ ձևակերպմամբ:

ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել ՀԲ-ի տարածաշրջանային տնօրենին` արդյունավետ քննարկումների և համագործակցության պատրաստակամության համար։-0-