Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը մերժել է մասնակցություն ունենալ Հայաստանի հասարակական խորհրդում

30.05.2008, 17:48
Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը մերժել է մասնակցություն ունենալ Հայաստանի հասարակական խորհրդում

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը մերժել է մասնակցել Հասարակական խորհրդի աշխատանքներին, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը։

Իսագուլյանը նշեց, որ դիմում է հղել 23 կուսակցությունների, նախագահի նախկին թեկնածուների գրասենյակներին և 17 հասարակական կազմակերպությունների՝ առաջարկելով մասնակցել Խորհրդի և աշխատանքային խմբի ձևավորման գործին։

«Բոլորն էլ տեղյակ են պահվել, բայց պաշտոնական մերժում առայժմ ստացել ենք միայն Տեր-Պետրոսյանի շտաբից, որը մերժել է մասնակցել ինչպես խորհրդի, այնպես էլ աշխատանքային խմբի աշխատանքներին»,- ասաց Իսագուլյանը։

Նա նշեց, որ մերժումը հիմնավորվել է այն փաստով, որ առայժմ չեն իրականացվել Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների իրավիճակի մասին ԵԽԽՎ բանաձևի պայմանները, ինչի պատճառով էլ առաջին նախագահի շտաբը զերծ է մնում ցանկացած նախաձեռնությունների մասնակցությունից։

Միաժամանակ, նա չբացառեց այն հնարավորությունը, որ Խորհուրդը ղեկավարի հենց Լևոն Տեր-Պետրոսյանը, քանի որ ամեն ինչ արվում է, որպեսզի Խորհրդում առավելագույնս ապահովվի ընդդիմադիր գործիչների կազմը։

«Ամեն ինչ արվել է, որպեսզի ներգրավվեն բոլոր հնարավոր ուժերը, և բոլոր ջանքերը գործադրվել են, որպեսզի փարատենք այն կասկածները, թե այս կառույցն ունենալու է ձևական բնույթ և կատարելու է ղեկավարության հրահանգները, կառույցի գործունեության մեխանիզմը ավտոմատ կերպով բացառելու է ցանկացած նման հնարավորություն»,- ասաց Իսագուլյանը։

Միաժամանակ, նա նշեց, որ Խորհրդի կազմում մասնակցելու համար արդեն իրենց թեկնածությունն են առաջադրել նախագահի նախկին թեկնածուներ Արամ Հարությունյանը և Արտաշես Գեղամյանը։

Նա նաև նշեց, որ միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի արտախորհրդարանական քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների համար խոչնդոտներ չառաջանան՝ Խորհրդի կազմում մասնակցելու համար։

Միաժամանակ, Իսագուլյանը նշեց, որ տարբեր քաղաքական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի բոլոր մարզերի անհատ քաղաքացիների կողմից արդեն 359 առաջարկ է ստացվել։

Ստացված առաջարկների թվում, մասնավորապես, առաջարկ կա, որպեսզի Խորհրդի կազմում չընդգրկվեն քաղաքական կամ հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև առաջարկ, որպեսզի նրա կազմում ընդգրկվեն միայն իրավաբաններ, միայն քաղաքական գործիչներ կամ միայն մշակույթի և արվեստի գործիչներ։

«Առայժմ հայտնի չէ, թե որ մոդելն է ընտրվելու, աշխատանքային խումբը կսահմանի, թե ինչ կառույց է ունենալու Խորհուրդը. արդյո՞ք այն ղեկավարվելու է օրենքով, թե կանոնադրությամբ, ինչպիսի՞ քաղաքական կամ հասարակական ուժեր են ընդգրկվելու նրա մեջ։ Թեև անձամբ ես հավասարակշռված մոտեցման կողմնակից եմ»,- ասաց Իսագուլյանը։

Հասարակական խորհրդի աշխատանքային կազմում նախատեսվում է ընդգրկել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, նախկին նախագահների,  նախագահական վերջին ընտրություններին առաջադրված երկրի ղեկավարի թեկնածուների, արվեստի, մշակույթի, գիտության և սպորտի գործիչների։

Հայաստանի հասարակական խորհրդի իրավասության մեջ մտնելու է պետական կարևորություն ունեցող բոլոր հարցերի քննարկումը, օրենքների, ենթաօրենսդրային ակտերի և երկրի նախագահի հրամանագրերի վերլուծությունը։ Խորհրդի որոշումները խորհրդատվական բնույթ են կրելու։--0—