Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 7-ին Սանկտ-Պետերբուրգում. ԱԳՆ

15.05.2008, 16:36
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 7-ին Սանկտ-Պետերբուրգում. ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 7-ին Սանկտ-Պետերբուրգում. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել. այն տեղի կունենա հունիսի 7-ին Սանկտ-Պետերբուրգում, հաղորդեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Սա երկու նախագահների առաջին հանդիպումն է, և հուսով եմ, որ այն նոր ուղի կբացի ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման համար։ Միշտ պետք է լավատես լինել»,- ասաց նա լրագրողներին հինգշաբթի։

Սանկտ-Պետերբուրգում հանդիպումը առաջինն է լինելու՝ Հայաստանի նախագահական ընտրություններից հետո, որոնցում ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։

Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարը նկատեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հաջողությունը չէր կապի հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ։

«Ես կոնկրետ ժամկետային սահմանափակումներ չէի անի և չէի ասի, որ հակամարտությունը կհանգուցալուծվի մինչև ընտրությունները կամ դրանցից հետո։ Հուսով եմ, որ կբացվի բանակցությունների շարունակման և հակամարտության կարգավորման ուղին»,- ընդգծեց Նալբանդյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

 Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-