Հայաստանն ու Թուրքմենստանը կողմ են տնտեսական հարաբերությունների զարգացմանը
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շոհրատ Ջումաևի հետ քննարկել է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից:
«Հանդիպմանը վարչապետը վստահություն է հայտնել, որ օգտագործելով անկանխացումից հետո երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես, էներգետիկայի բնագավառում առկա համագործակցության դրական փորձը, կհաջողվի նոր դինամիկա հաղորդել հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացմանը»,- նշեցին մամուլի ծառայությունում:
Նշելով հայ-թուրքմենական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերն ընդգծել են տնտեսական հարաբերությունները ևս խթանելու և այդ մակարդակին հասցնելու անհրաժեշտությունը, մանավանդ որ, նրանց համոզմամբ, երկու երկրներում էլ դրա համար լավ հնարավորություններ կան: Փոխշահավետ համագործակցության կարևոր ոլորտների թվում զրուցակիցները նշել են, մասնավորապես, էներգետիկայի, առողջապահության, շինարարության, զբոսաշրջության բնագավառները:
«Տնտեսական փոխգործակցությունը խթանելու նպատակով, կողմերը կարևորել են համապատասխան հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման գործընթացի արագացումը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը կնշանակվի մոտ օրերս»,- նշեցին մամուլի ծառայությունում:
Հայաստանի կառավարության ղեկավարն ու Թուրքմենստանի դեսպանը վստահություն են հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը նոր խթան կհանդիսանա հայ-թուրքմենական տնտեսական կապերի եւ հարաբերությունների հետագա զարգացման համար, կնպաստի տարբեր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը:-0-