Հայաստանում հայտարարվելու է լռության րոպե՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում այսօր, ժամը 19.00-ին հայտարարվելու է լռության րոպե՝ ի հիշատակ Օսմանյան կայսրությունում անմեղ զոհերի հիշատակի։
Նույն ժամին մեկ րոպեով դադարեցվելու է երկրի բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոկայանների հեռարձակումը։
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հինգշաբթի առավոտյան իր հարգանքի տուրքն է մատուցել Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության հայ զոհերի հիշատակին։
«Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր այցելեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի, կառավարության անդամների և պատգամավորների ուղեկցությամբ։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն աղոթք կարդաց ցեղասպանության անմեղ զոհերի համար, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց սգո պատարագը։
Այսօր՝ 2008թ. ապրիլի 24-ին, աշխարհի ողջ հայությունը նշում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 93-ամյա տարելիցը։ Ապրիլի 20-207-ը Հայաստանում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի «Հիշատակի շաբաթ»։
1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։
Հայոց ցեղասպանության զոհերը ոչ միայն մարդիկ էին, այլև հոգևոր արժեքները։ 1915-1916թթ.-ին և հաջորդ տարիներին ոչնչացվել են հայկական վանքերում պահվող հազարավոր հայկական ձեռագրեր, ավերվել են հարյուրավոր պատմական և ճարտարապետական հուշարձաններ, պղծվել են ժողովրդի սրբությունները։ Թուրքիայի տարածքում պատմամշակութային հուշարձանների ավերումը, հայ ժողովրդի մշակութային բազմաթիվ արժեքների յուրացումը շարունակվում է առ այսօր։--0—