Իսրայելի հասարակությունը դրական է վերաբերվում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը. դաշնակցություն

08.04.2008, 19:59
Իսրայելի հասարակությունը դրական է վերաբերվում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը. դաշնակցություն
Իսրայելի հասարակությունը դրական է վերաբերվում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը. դաշնակցություն

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Իսրայելի հասարակության շրջանում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ գերակշռում են դրական տրամադրությունները, ասաց «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի տնօրեն  և քաղաքական հարցերով ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը։

Նրա կարծիքով, այն, որ Հայոց ցեղասպանության հարցը քննարկվել է Իսրայելի խորհրդարանում, Հայաստանի համար հաջողություն է։

«Այս  հարցը իսրայելյան հասարակությունում քննարկվում է որպես բարոյական խնդիր։ Մարդիկ ցանկանում են, որպեսզի Իսրայելը պարտադիր կերպով ճանաչի ցեղասպանության փաստը»,- ասաց Մանոյանը։

«Ինչ վերաբերվում է խորհրդարանի քննարկումներին, ապա պետք է ասել, որ դա, իսկապես, հաջողություն է այն առումով, որ Կնեսետը կարող էր պարզապես հետաձգել հարցի քննարկումը, ինչպես արեց անցած տարի։ Իսկ այս տարի բոլոր կուսակցությունները համաձայն էին, որ այս հարցը քննարկվի»,- ասաց Մանոյանը։

Նա նշեց, որ առայժմ որոշվում է, թե որ ոլորտի հանձնաժողովը պետք է քննարկի այս հարցը, և արդյոք դա կլինի արտաքին կապերով, թե պաշտպանության գծով հանձնաժողով։

«Սրանով հարցը կարող է ավարտվել, բայց եթե անգամ դա այդպես լինի, նախաձեռնության հեղինակ, «Մերեց» սոցիալիստական կուսակցության ղեկավար Խայամ Օրոնը և Երուսաղեմի «Հայ դատի» հանձնաժողովը, պարտավորվել են միշտ աջակցել այս հարցին»,- ասաց Մանոյանը։

Նա նշեց, որ Օրոնը առաջարկություն է մտցրել, որպեսզի հարցը քննարկվի կրթության և գիտության հանձնաժողովում, որտեղ դիտարկվելու է հարցի բարոյական կողմը։

«Բայց կարծում եմ, որ հանձնաժողովի հարցը կարող է նաև փոփոխության ենթարկվել, իսկ մայիսի արձակուրդներից հետո վերադառնալ խորհրդարան»,- ասաց Մանոյանը։

Մարտի վերջին Իսրայելի խորհրդարանի նիստին ներկա բոլոր խորհրդարանականները, այդ թվում՝ կառավարության ղեկավար, Իսրայելի գյուղատնտեսության նախարար Շալոմ Սիմխոնը «կողմ» են քվեարկել հայոց ցեղասպանության հարցը քննարկելու օգտին։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—