Երևանում կողոպտվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շենքը
Երևանում լույս հինգշաբթի գիշերը կողոպտվել է Խանջյան փողոցում գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շենքը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, տեղական ժամանակով ժամը 08.20-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել այն մասին, որ ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շենքի պահակը օգնություն է խնդրում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը՝ ժամը 02.00-ին, դիմակավորված 2 անհայտ անձինք նշված շենքի 1-ին հարկի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելուց հետո մուտք են գործել Ֆեդերացիայի պահակակետ։
Դանակի սպառնալիքով կողոպտիչները պահանջել են Ֆեդերացիայի նախագահի և հաշվապահի սենյակների բանալիները։ Մերժում ստանալուց հետո գիշերային ավազակները ծեծի են ենթարկել պահակին և կպչուն ժապավենով կապել ձեռքերն ու ոտքերը։
Այնուհետև կողոպտիչները 3-րդ հարկում գտնվող հաշվապահության սենյակի դուռը բացելու միջոցով անհայտ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են հաշվապահի երկաթյա պահարանի դուռն ու գողացել այնտեղ եղած գումարը և հեռացել հանցանքի վայրից։
Կատարվում է նախաքննություն:-0-