Վահան Տեր-Ղևոնդյանն ազատվել է Լիբանանում Հայաստանի դեսպանի պաշտոնից

27.03.2008, 12:16
Վահան Տեր-Ղևոնդյանն ազատվել է Լիբանանում Հայաստանի դեսպանի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել՝ Վահան Տեր-Ղևոնդյանին Լիբանանում Հայաստանի դեսպանի պարտականություններից ազատելու մասին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Վահան Տեր-Ղևոնդյանը Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2006 թ. հունվարի 21-ին։

Վահան Տեր-Ղևոնդյանը ծնվել է Երևանում 1961թվականին։ 1983 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։ Մինչև 1991 թ. աշխատել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում։

1991-93 թթ. աշխատել է  որպես Հայաստանի նախագահի օգնական։ 1993-95 թթ. Ֆրանսիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարն էր, 1995-98 թթ.՝ Արգենտինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը (համատեղությամբ՝ Ուրուգվայում և Բրազիլիայում)։

1998-2003 թթ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն էր, Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդականը։

Ունի Արտակարգ և Լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան, տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և արաբերեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի մեկ որդի։-0-