2008թ. Հայաստանում հանդիսավորությամբ կնշեն հայկական ջազի 70-ամյակը

Հայաստանում 2008թ. մի շարք միջոցառումներ կանցկացվեն՝ նվիրված հայկական ջազի 70-ամյակին։ Տոնակատարության շրջանակներում նախատեսված է համերգներ կազմակերպել ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային հայտնի ջազ-բենդերի մասնակցությամբ։
«Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ Ջազ-բենդի կատարմամբ ջազային ստեղծագործություն առաջին անգամ Հայաստանի Պետական ռադիոյի եթերում հնչել է 1938 թվականին, այս տարի լրանում է այդ նշանավոր իրադարձության 70-ամյակը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երկուշաբթի հայտնեցին «Հայկական ջազ-70» կազմակերպության մամուլի ծառայությունից։
«Հայկական ջազ-70» կազմակերպությունը, որը գլխավորվում է հայկական ջազի «նահապետ» Լևոն Մալխասյանի՝ Մալխասի ղեկավարությամբ, ձևավորվել է հատուկ տոնական միջոցառումները կազմակերպելու համար։
Դրա կազմում են կոմպոզիտորներ Կոնստանտին Օրբելյանը, Մարտին Վարդազարյանը, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության Էստրադային-ջազային նվագախմբի ղեկավար, ջազմեն Արմեն Թութունջյանը, Հայաստանի պետական ջազ-բենդի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, «Շարմ-Հոլդինգ» պրոդյուսերական կազմակերպության գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյանը և մշակույթի այլ գործիչներ։-0-