Հայաստանում ավարտվել է քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

18.03.2008, 13:39
Հայաստանում ավարտվել է քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 22/21 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, նախաքննությամբ պարզվել է, որ հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հայթյանը կազմել է քվեարկության արդյունքների վերաբերյալ կեղծ արձանագրություն:

Մասնավորապես, արձանագրությունը օրենքով սահմանված կարգով կազմելուց, հաստատելուց և քվեաթերթիկների կնքված պարկը ոստիկանության աշխատակցի ուղեկցությամբ ընտրատարածքային հանձնաժողով տեղափոխելուց հետո ՀՀ  նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց՝ Սամվել Կարապետյանի և Սիմոն Ամիրխանյանի առաջարկով,  նշված թեկնածուի օգտին  միանձնյա կազմել է ակնհայտ սխալ, աղավաղված տվյալներով նոր արձանագրություն:

Նոր արձանագրության մեջ Լևոն Տեր-Պետրոսյանի  ստացած 41 ձայնի փոխարեն Հայթյանը գրել է 600, ապա կեղծիքը քողարկելու և դրա հնարավոր բացահայտման դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին պատասխանատվությունից զերծ պահելու նկատառումներով` որոշակի անճշտություններ է մտցրել նաև այլ թեկնածուների ստացած ձայներում։

Վահան Հովհաննիսյանի ստացված 63 ձայնը դարձրել է 100, իսկ Սերժ Սարգսյանի՝ 369 ձայնը՝ 500։

Արձանագրության թվական տվալները համապատասխանեցնելու նպատակով ավելացրել է նաև քվեարկության մասնակիցների թիվը՝1069-ից 1766, պակասեցրել մարված ու անվավեր քվեաթերթիկների քանակը։

Կեղծված տվյալներով արձանագրությունը Հայթյանը կնքել է հանձնաժողովի կնիքով և ստորագրել հանձնաժողովի անդամների, նրանց թվում՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի, քարտուղարի փոխարեն, ապա հանձնել  ընտրատարածքային թիվ 22 ընտրական հանձնաժողով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հայթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով (ընտրությունների կամ քվեարկության արդյունքների կեղծում), իսկ Կարապետյանին և Ամիրխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-150-րդ հոդվածով (ընտրությունների արդյունքների կեղծմանը մասնակից լինելը)։

Հայթյանը, Կարապետյանը և Ամիրխանյանն ընդունել են առաջադրված մեղադրանքը և զղջացել կատարած արարքի համար:

Քրեական գործը մարտի 12-ին ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:-0-