Ձերբակալվել են ՀՀ առաջին նախագահի երկու աջակիցները

11.03.2008, 15:57
Ձերբակալվել են ՀՀ առաջին նախագահի երկու աջակիցները
Ձերբակալվել են ՀՀ առաջին նախագահի երկու աջակիցները

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ձերբակալվել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երկու աջակիցները՝ Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը և ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայությունից։

Հայաստանի ընդդիմությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, փետրվարի 20-ից Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անցկացնում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքներից, որում հաղթել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։ Ընդդիմության ակցիաները մարտի 1-ին վերածվեցին անկարգության և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների, որոնց հետևանքով մարտի 2-ի գիշերը զոհվեց ութ մարդ և վիրավորվեց 131-ը։

Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված դրությունը՝ ՀՀ նախագահի հրամանով մարտի 1-ից Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել՝ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ կետերով (պետության և բնակչության անվտանգության սպառնալիք)։

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել զանգվածային անկարգությունների փաստով, որոնք ուղղված էին իշխանությունը բռնի զավթելուն և սահմանադրական կարգի խախտմանը։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 59 անձի։

Բացի այդ, Երևանում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար հետախուզում է հայտարարվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի և Սասուն Միքայելյանի, ինչպես նաև «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։--0—