ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումները Երևանում ժամանակավոր բնույթ են կրում. Վիկտոր Սողոմոնյան

07.03.2008, 16:30
ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումները Երևանում ժամանակավոր բնույթ են կրում. Վիկտոր Սողոմոնյան

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի-Արմենիա/. Երևանում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում, վստահեցնում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։

ՀՀ նախագահի մարտի 1-ի հրամանագրով մայրաքաղաքում արտակարգ դրություն է մտցվել։ Այդ պատճառով պետական և ներքաղաքական հարցերին առնչվող ԶԼՄ-ների հրապարակումներն իրականացվում են բացառապես պաշտոնական տեղեկատվության շրջանակներում։ Առանց համապատասխան պետմարմինների թույլտվության արգելվում է քաղաքական քարոզչություն կատարել՝ թռուցիկների կամ այլ միջոցներով։

«ԶԼՄ-ների ազատության սահմանափակումները, եթե դա կարելի է այդպես անվանել, թեև ես համաձայն չեմ այս ձևակերպման հետ, ժամանակավոր բնույթ են կրում և կապված են արտակարգ դրության ռեժիմի հետ»,- ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսում։

Միաժամանակ Սողոմոնյանը նշեց, որ դա չի նշանակում՝ Հայաստանում ԶԼՄ-ների գործունեության արգելք։ «Չկա այնպիսի մի խնդիր, որից ելնելով ես կարող եմ ասել, թե այսուհետ մենք աշխատում ենք նոր դրության պայմաններում։ Կա միայն քայլերի հաջորդականություն, որոնք ձեռնարկվում են երկրի անվտանգության նկատառումներով»,- ասաց նա։

Մամուլի քարտուղարն ավելացրեց, որ շատ ԶԼՄ-ներ իրենք են հրաժարվում հրատարակվել կամ ինչ-որ բան տպագրել, քանի որ չեն կարող ապահովել նախագահի հրամանագրում տեղ գտած՝ լրատվության աշխատանքին վերաբերող կետի պայմանները։

Այս կապակցությամբ Սողոմոնյանը հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի դուրս գալ ստեղծված իրավիճակից։

Նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, փետրվարի 20-ից Երևանի Ազատության հրապարակում հանրահավքներ էր անցկացնում։

Ընդդիմության ակցիաները մարտի 1-ին վերածվեցին անկարգության և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների, որոնց հետևանքով մարտի 2-ի գիշերը զոհվեց ութ մարդ և վիրավորվեց 131-ը։--0—