Հայաստանի իրավապահ մարմինները զենք չեն կիրառել ցուցարարների դեմ. Գլխավոր դատախազություն

05.03.2008, 20:01
Հայաստանի իրավապահ մարմինները զենք չեն կիրառել ցուցարարների դեմ. Գլխավոր դատախազություն
Հայաստանի իրավապահ մարմինները զենք չեն կիրառել ցուցարարների դեմ. Գլխավոր դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի իրավապահ մարմինները հրազեն չեն օգտագործել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը մայրաքաղաքում հասարակական կարգը վերականգնելու ժամանակ, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։

Նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, Ազատության հրապարակում  հանրահավաքներ էր անցկացնում։ Բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների և ցուցարարների միջև բախման, որի հետևանքով զոհվել է ութ մարդ և վիրավորվել 131-ը։ Մարտի 1-ից, նախագահի հրամանով, Հայաստանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն  է հայտարարվել։

«Ստացված ապացույցները թույլ են տալիս վստահությամբ ասել, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների և Սահմանադրական կարգի պահպանման ժամանակ ցուցարարների վրա կրակ չի բացվել։ Իրավապահ մարմինները հրազեն չեն օգտագործել»,- ասաց Տռուզյանը։

Նրա խոսքերով, ցուցարարների մոտ հրազեն եղել է, և նրանք կիրառել են այդ զենքը՝ կրակ բացելով անզեն զինծառայողների վրա։

«Իրավապահ մարմինները միայն արցունքաբեր գազ և լուսային փամփուշտներ են օգտագործել, որոնցով միայն օդ են կրակել, և ջրցան մեքենաներ»,- ասաց Տռուզյանը։

Նրա խոսքերով, հետաքննությունը բացահայտում է անկարգությունների հետևանքով բոլոր ութ զոհերի մահվան հանգամանքները, որոնց մեջ նաև ոստիկանության մեկ աշխատող է եղել։

Տռուզյանը հաղորդեց, որ այս միջադեպերով բոլոր քրեական գործերը, որոնք տեղի են ունեցել փետրվարի 20-ից մարտի 2-ը, միավորվել են մեկ քրեական գործում։  

Նրա խոսքերով, քննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Պաշտպանության նախարարության, Պետական հարկային ծառայության և Հատուկ քննչական ծառայության՝ 50 քննիչներից բաղկացած քննչական խումբը։

«Մարտի 5-ի դրությամբ մեծ աշխատանք է ձեռնարկվել հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար։ Հստակ ծրագիր է մշակվել՝ այս աննախադեպ քրեական գործի հետաքննության համար»,- նշեց Տռուզյանը։

Նա ավելացրեց, որ ներկա դրությամբ ձերբակալվել է 27 անձ, ևս 26-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի հոդվածներով, որոնք պատիժ են նախատեսում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, պետական իշխանությունը բռի ճանապարհով զավթելուն ուղղված գործողությունների և իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելու համար։

«Տվյալ հետաքննությունները հիմք են տալիս պնդելու, որ նախաքննության մարմինը տիրապետում է ողջ տեղեկատվությանը և գիտի, թե ինչ հաջորդականությամբ են զարգացել իրադարձությունները։ Տեղի ունեցածը ամբողջությամբ և նախապես պլանավորված էր, իսկ զանգվածային անկարգությունները ղեկավարվում էին մեկ կենտրոնից»,- ասաց Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը։

Նրա խոսքերով, բավական շատ տվյալներ կան հիմնական կազմակերպիչներին, հրահրիչներին, զանգվածային անկարգությունների մասնակիցներին  հայտնաբերելու և նրանց պատասխանատվության կանչելու համար։

«Ուսումնասիրվել են անկարգությունների տեսագրությունները, հարցաքննվել են մոտ 200 վկաներ, ձերբակալվածներ և կալանավորվածներ, ստեղծվել է իրադարձությունների զարգացման ամբողջական պատկերը»,- ընդգծեց Տռուզյանը։

Նրա խոսքերով, ոչ մի օրինախախտ պատժից չի խուսափի։

Տռուզյանը հերքեց լուրերն այն մասին, որ անկարգությունների հետևանքով զոհերի թիվը ութից ավելի է։ «Այսօրվա դրությամբ անհայտ կորածների վերաբերյալ որևէ դիմում չի ստացվել։ Դա վկայում է այն մասին, որ այդ լուրերն ապատեղեկատվություն են»,- ասաց Տռուզյանը։

Նա նաև ավելացրեց, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերադարձվել է անկարգությունների ժամանակ թալանված գույքի զգալի մասը։--0—