Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել Երևանում արտակարգ դրություն հայտարարելու մասին

03.03.2008, 18:13
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել Երևանում արտակարգ դրություն հայտարարելու մասին

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի . /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել` Երևանում արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով, Հայաստանի նախագահը 2008 թվականի մարտի 1-ից որոշում է կայացրել Երևանում 20-օրյա ժամկետով արտակարգ դրություն մտցնել։ Հրատապ հարցերի կարգավորման և անցկացման և արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք հանդիսացող հանգամանքների վերացման ղեկավարումը դրված է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է Ոստիկանությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը: Արտակարգ դրություն հայտարարված տարածքում սահմանվել են համապատասխան ժամանակավոր սահմանափակումներ, մասնավորապես, ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում, գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում։ Անհրաժեշտության դեպքում, իրավապահ մարմինների կողմից անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում և զննության իրականացում։

Հրամանագրում նշվում է, որ զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում։ Առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության, արգելվում է թռուցիկների և այլ ձևով քաղաքական քարոզչության իրականացումը։

Ժամանակավորապես կասեցվում են արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեությունը։ Հրամանագրով նախատեսվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարված է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ սույն հրամանագրի իրականացումն ապահովելու ուղղությամբ: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում տեղեկացման պահից:--0-