Երևանն ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները

Երևանն ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։
«Երևանի քաղաքապետարանի միջազգային համագործակցության այժմյան քաղաքականությունն ուղղված է գործընկեր-քաղաքների հետ երկարաժամկետ հարաբերությունների հաստատմանը», - ասաց նա։
Գևորգյանի խոսքերով, Երևանի քաղաքապետական արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը հարաբերությունների խորացումն է, մասնավորապես, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Լիոնի, Մարսելի և Լոս-Անջելեսի հետ։
Բացի այդ, ծրագրվում է բարձրացնել Երևանի ներգրավվածությունը տարածաշրջանային և միջազգային կառույցներին։ «Երևանը Բալթյան և ԱՊՀ երկրների քաղաքների միջազգային վեհաժողովի, ինչպես նաև Պատմական քաղաքների կոնգրեսի անդամ է և ակտիվ համագործակցություն է ծավալում այդ միջազգային կառույցների շրջանակներում», - նշեց նա։
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ քաղաքապետարանի արտաքին քաղաքական ուղեգիծը նախատեսում է նաև կապերի ակտիվացում արևելյան խոշոր քաղաքների, մասնավորապես, Հնդկաստանի և Չինաստանի քաղաքների հետ։
«Թեև Հայաստանը հետևում է եվրաինտեգրման ուղուն, մեզ նաև անհրաժեշտ է համագործակցություն խորացնել և փորձ փոխանակել արևելյան քաղաքների հետ», - ասաց նա։
Այժմ Երևանն ունի 24 քույր-քաղաք։-0-