«Ժառանգություն» կուսակցությունը ողջ ուժերը ներդրել է Հայաստանում թափանցիկ և արդար ընտրություններ անցկացնելու համար

26.02.2008, 15:03
«Ժառանգություն» կուսակցությունը ողջ ուժերը ներդրել է Հայաստանում թափանցիկ և արդար ընտրություններ անցկացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվար. /Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» կուսակցությունը ողջ ուժերը ներդրել է Հայաստանում թափանցիկ և արդար ընտրություններ անցկացնելու համար։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Ժառանգություն» կուսակցությունից։

«Խմբակցությունն ակտիվորեն մասնակցել է ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին, որտեղ մեր սկբունքային առաջարկաներից շատերը չեն ընդունվել»,-ասաց Մարտիրոսյանը։

Նա ընդգծեց, որ ընտրությունների ընթացքում կուսակցության անդամներն աշխատել են ընտրական հանձնաժողովներում ՝ ջանալով պաշտպանել մարդկանց ազատ կամքի դրսևորման իրավունքը։

«Սրա պատասխանը եղել է իշխանությունների կողմից բռնության գործադրումը։ Ծայրահեղ դեպքում, իմ ունեցած տվյալներով, երբեք և ոչ մի տեղ բռնություն չի գործադրվել խորհրդարանի դիտորդական առաքելություն իրականացնող պատգամավորների հանդեպ, ընդ որում ոչ թե քրեական տարրերի կողմից, այլ բարձրաստիճան ոստիկանության այրերի կողմից»,-ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքերով, անցած նախագահական ընտրությունները «ամենախայտառակն են եղել» Հայաստանի անկախության կարճ հատվածում, և «խորը վերք կթողնեն երկրի պետականության վրա»։

Ընդհանուր առմամբ, ընտրությունները դրական գնահատականի են  արժանացել միջազգային դիտորդների կողմից։ ԵԱՀԿ  խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ,  ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների համակարգող Անն- Մարի Լիզինի խոսքերով, ընտրությունները հիմնականում համապատասխանել են Հայաստանի՝ իր վրա վերցրած պարտավորություններին։ Միաժամանակ նշվել է, որ հայկական իշխանությունները պատրաստակամություն  են դրսևորել վերացնել այն սխալները, որոնք թույլ էին տրվել նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Իրենց հերթին Անկախ պետություների համագործակցության դիտորդները նշել են, որ նոր նախագահի ընտրությունների քվեարկությունն անցել է հանգիստ մթնոլորտում և համապատասխանել է Հայաստանի Ընտրական օրենսգրքի պահանջներին։ ԱՊՀ առաքելությունը Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները ազատ և թափանցիկ է ճանաչել, իսկ «առանձին խախտումները, որոնք արձանագրվել են ընտրական գործընթացի ժամանակ, չեն եղել զանգվածային, կրել են տեխնիկական բնույթ և էական ազդեցություն չեն գործել ընտրությունների արդյունքի վրա»։

Փետրվարի 19-ին Հայաստանում կայացան նախագահական ընտրություններ։ ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, Սերժ Սարգսյանը հավաքել է 862369 ընտրողների ձայները (52,82 տոկոս)։351222 ձայնով (21,5 տոկոս) երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, ինչպես նաև նստացույցեր և ուսանողական ցույցեր։ Ընդդիմության ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:--0-