ՀՀ իրավապահ մարմինները պետք է բծախնդրորեն քննեն ընտրական խախտումների փաստերը. Սարգսյան

22.02.2008, 18:07
ՀՀ իրավապահ մարմինները պետք է բծախնդրորեն քննեն ընտրական խախտումների փաստերը. Սարգսյան
ՀՀ իրավապահ մարմինները պետք է բծախնդրորեն քննեն ընտրական խախտումների փաստերը. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ իրավապահ մարմինները պետք է բծախնդրորեն քննության առնեն բոլոր այն  փաստերը, որոնք կապված են ընտրախախտումների հետ, այսօր կառավարության նիստը բացելով՝ հայտարարեց վարչապետ Սերժ Սարգսյանը։

«Մենք հավակնոտ ծրագրեր ունենք, և այդ ծրագրերը պետք է բերեն նրան, որ յուրաքանչյուր ամիս մեր ժողովուրդն իրոք զգա փոփոխություններ, պիտի բարեփոխումներն արագանան, սա կարևորագույն խնդիր է»,- ուրբաթ «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մեջբերելով Սարգսյանի խոսքերը։

Վարչապետը չափազանց կարևոր է համարել նաև, որ կառավարության անդամներն անհապաղ  ձեռնամուխ լինեն նախանշված ծրագրերի իրականացմանը:

Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին և այն բոլոր քաղաքացիներին, ովքեր օժանդակել են փետրվարի 19-ին հանրապետությունում անցկացնելու ԵԱՀԿ-ի և Եվրամիության առջև ստանձնած պարտավորություններին համապատասխան ընտրություններ:

Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները, որոնց մասնակցեց ինը թեկնածու։

Հայաստանի ԿԸՀ տվյալներով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հավաքել է  ձայների 52,86%-ը, իսկ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 21,5%-ը։

Երևանի կենտրոնում արդեն երրորդ օրն անընդմեջ հանրահավաքներ, երթեր, ինչպես նաև նստացույց և ուսանողական դասադուլ է տեղի ունենում՝ կազմակերպված ընդդիմության կողմից՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։

Դրա հետ մեկտեղ, ընտրություններում հաղթելու կապակցությամբ Սարգսյանին արդեն շնորհավորել են ՌԴ, Ֆրանսիայի, Վրաստանի, Բելառուսի և Բուլղարիայի նախագահները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ընդհանուր քաղաքականության և անվտանգության քաղաքականության գծով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան։--0—