Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է անում ընդդիմադիր քաղաքական գործիչներին՝ չներքաշել բանակը քաղաքական գործընթացների մեջ

22.02.2008, 14:04
Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է անում ընդդիմադիր քաղաքական գործիչներին՝ չներքաշել բանակը քաղաքական գործընթացների մեջ

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և իր տեղակալը հանդես են եկել հայտարարությամբ, որով պահանջել են ընդդիմադիր քաղաքական գործիչներից և հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանից՝ չօգտագործել իրենց անունները և չտարածել սադրիչ հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։

Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Պաշտպանության նախարարության ղեկավարությունը կոչ է անում քաղաքական գործիչներին՝ զերծ մնալ ՀՀ զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուց։

«Մենք վստահեցնում ենք ՀՀ քաղաքացիներին, որ ՀՀ զինված ուժերը չեն ներքաշվելու ներքաղաքական գործընթացների մեջ, գործելու են օրենքի սահմաններում՝ ապահովելով մեր հայրենիքի անվտանգությունը և կատարելով գերագույն գլխավոր հրամանատարի կողմից դրված խնդիրներն ու առաջադրանքները», - նշվում է նախարարի հայտարարության մեջ։

Նախօրեին Երևանում անցկացված ընդդիմության հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Հայաստանի պաշտպանության երկու փոխնախարարներ՝ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը միացել են ընդդիմությանը։-0-