Հայաստանի քննչական ծառայությունը ընտրախախտումների առթիվ ութ քրեական գործ է հարուցել

21.02.2008, 11:16
Հայաստանի քննչական ծառայությունը ընտրախախտումների առթիվ ութ քրեական գործ է հարուցել
Հայաստանի քննչական ծառայությունը ընտրախախտումների առթիվ ութ քրեական գործ է հարուցել

2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում, ըստ քննչական ենթակայության ընթացք տալու համար, ստացվել է 11 հաղորդում, դիմում, որոնց հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է 8 քրեական գործ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, մյուս բողոքների քննարկումը շարունակվում է։

Տեղեկատվության համաձայն, հարուցված քրեական գործերից մեկով պարզվել է, որ Լոռու մարզի Արևածագ գյուղի 32/53 ընտրական տեղամասում ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Էդմոնդ Գևորգյանն, ալկոհոլ օգտագործած վիճակում, խոչընդոտել է ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, ինչի համար նրան առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Մեկ այլ քրեական գործով պարզվել է, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրեն Ավետիսյանին ծեծի է ենթարկել, մարմնական վնասվածք պատճառել և նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտել  Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի 36/34 ընտրական տեղամասում ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Հարություն Ուռուտյանը: Հարություն Ուռուտյանը ձերբակալվել է:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ընտրախախտումների վերաբերյալ նյութերով նախապատրաստումը և հարուցված քրեական գործերի նախաքննությունը հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու համար:

Փետրվարի 19-ին Հայաստանում կայացան հերթական նախագահական ընտրությունները, որոնց մասնակցեց ինը թեկնածու։-0-