ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կհրապարակի Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ երրորդ միջանկյալ զեկույցը
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չի բացառում Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ երրորդ միջանկյալ զեկույցի հրապարակումը։ Այս մասին չորեքշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ-Հենրիխ Արենսը (Dr Geert-Hinrich Ahrens)։
«Մենք հրապարակել ենք երկու միջանկյալ զեկույց։ Այսպիսով, ընտրությունների օրը՝ երեկ երեկոյից մինչ այս պահը, մենք մշակել ենք հազարավոր զեկույցներ, որոնք ստացել ենք կարճաժամկետ դիտորդներից և ավելի ուշ կներկայացնենք համապատասխան դիտողությունները», - ասել է նա։
Արենսը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդները կմնան Հայաստանում՝ ընտրական գործընթացի ավարտը և գոյություն ունեցող մեխանիզմների միջոցով դատական վեճերի որոշումները վերլուծելու համար։
«Կարծում ենք, որ իրավիճակի լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտություն կա։ Մենք կպատրաստենք մեկ այլ միջանկյալ զեկույց, սակայն՝ դեռևս նախնական։ Սակայն, ամեն դեպքում, կլինի վերջնական փաստաթուղթ, որի մեջ կներառվեն ամփոփիչ գնահատականները»,- ասել է նա։
Հայաստանի նոր նախագահական ընտրություններին հետևել է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների 14 հազ. դիտորդ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության կազմում էին 400 դիտորդներ, այդ թվում նաև 75 խորհրդարանականներ։-0-