Հայաստանում հարուցվել է քրեական գործ՝ նախագահական ընտրությունների դիտորդների գործունեությանը խոչընդոտելու փաստով
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հարուցվել է քրեական գործ՝ խորհրդարանի պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի և Վարդան Խաչատրյանի (նրանք փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հանդես էին գալիս որպես դիտորդներ), ինչպես նաև լրագրող Լուսինե Բարսեղյանի՝ գործունեության իրականացմանը խոչընդոտելու փաստով, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը)։
«Նախաքննությունը վարում է Հատուկ քննչական խումբը։ Քննության արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի», - տեղեկացրեց Տռուզյանը։-0-