Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նախագահական ընտրությունների ժամանակ կատարված ընտրախախտումների վերաբերյալ 20 դիմում է ստացել
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այս պահին «թեժ գծով» երկրի քաղաքացիներից 20 դիմում է ստացել ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մամուլի քարտուղար Գրիգոր Գրիգորյանը։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնում են տեղի ունեցած միջադեպերի փաստերն արձանագրելու և մանրամասները ճշտելու համար»,-ասաց նա՝ ավելացնելով, որ մի քանի խախտումներ հաստատվել են, իսկ մյուսները՝ բացառվել։
Գրիգորյանի խոսքերով, հիմնական բողոքները վերաբերում են ընտրողներին ավտոբուսներով ընտրատարածքներ տեղափոխելու փաստին, ինչպես նաև այն հանգամանքին, որ ավտոբուսները չափազանց մոտ են կանգնում ընտրատեղամասերին, ինչը օրենքի խախտում է համարվում։
«Կան նաև մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքեր, որոնք հիմա գտնվում են ճշտման փուլում»,-պարզաբանեց նա։
Մամուլի քարտուղարը նշեց, որ բողոքները վերաբերել են նաև ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության մարզերում արձանագրված փաստերին։
«Չնայած մեր ուժերի սահմանափակ լինելուն, մենք հնարավորություն ունենք արագ արձագանքման խումբ ուղարկել նաև Երևանից դուրս»,-ասաց նա՝ ավելացնելով, որ խմբերի կազմում ընդհանուր հաշվով ընդգրկված է 14 մարդ, որոնց ենթակայության տակ կա չորս ավտոմեքենա։
Գրիգորյանը հայտարարեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բողոքներ կընդունի և դրանք օպերատիվ կերպով կուսումնասիրի ընտրությունների ողջ ընթացքում։
«Ավելի մանրամասն տեղեկությունը պատրաստ կլինի փետրվարի 19-ի քվեարկության գործընթացից հետո կամ հաջորդ օրը»,-ասաց նա։
Հայաստանի գլխավոր դատախազության թեժ գիծն ընդունել է յոթ ահազանգ վեց միջադեպի վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել նախագահական ընտրությունների ընթացքում։ Դրանից բացի, Հայաստանի ԿԸՀ-ն ընդունել է երկու բողոք և մեկ զեկուցագիր։
Հայաստանում երեքշաբթի, փետրվարի 19-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 08.00-ին մեկնարկեցին համահանրապետական նախագահական ընտրությունները։ Նախագահի թեկնածուի պաշտոնի համար առաջադրվել է ինը թեկնածու։
Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 328 320 ընտրող։
Ընտրություններին հետևում է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների շուրջ 14 հազ. դիտորդ։-0-