«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը 30 հաղորդագրություն է ուղարկել նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին

19.02.2008, 15:34
«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը 30 հաղորդագրություն է ուղարկել նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը 30 հաղորդագրություն է ուղարկել նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին։ Այս մասին երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, խորհրդարանական համանուն խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

«Այս պահին մենք շարունակում ենք լուրեր ստանալ՝ հիմնականում Երևանից, Աբովյանից և Վանաձորից։ Գործի են դրվել մեր բոլոր շրջանային ստորաբաժանումները»,- ասաց նա։

Սաֆարյանը տեղեկացրեց, որ լուրջ խախտումներից մեկն արձանագրվել է Աբովյանի անվան թիվ 1 մանկապարտեզում, որը «վաղ առավոտյան, մի քանի սափրագլուխներ, ներկայանալով որպես Սերժ Սարգսյանի շտաբի ներկայացուցիչներ, մուտք են գործել ընտրական տեղամաս և սկսել են հանձնաժողովի նախագահին և ընդդիմադիր կուսակցությունների վստահված անձանց սպառնալ հաշվեհարդարով, եթե նրանք դուրս չգան տարածքից։

Իր հերթին, թիվ 9/11 ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրեց, որ կուսակցության կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկություններ չի ստացել, բայց իր տեղամասում ամեն ինչ նորմալ է ընթանում»,- ասաց Սաֆարյանը։

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը անկախ մոնիտորինգ է իրականացնում փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում։

Մոնիտորինգը իրականացվում է երկու հիմնական ուղղություններով՝ քվեարկած քաղաքացիների թվաքանակի հսկողություն և տեղի ուենցած խախտումների արձանագրում։

Կուսակցության տեղեկատվական կենտրոնում գործում է նաև արագ արձագանքման խումբ, որը ղեկավարում է «Ժառանգություն» կուսակցության և խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, որը խախտումների մասին տեղեկությունները ստանալուն պես պետք է այցելի տվյալ ընտրական տեղամասեր։

Հայաստանում երեքշաբթի՝ փետրվարի 19-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին մեկնարկեցին համահանրապետական նախագահական ընտրությունները։ Նախագահի թեկնածուի պաշտոնի համար առաջադրվել է ինը թեկնածու։

Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 328 320 ընտրող։

Ընտրություններին հետևում է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների շուրջ 14 հազ. դիտորդ։-0-