«Ժառանգություն» կուսակցությունը համակարծիք է Տեր-Պետրոսյանի հետ՝ ղարաբաղյան հակամարտության լուծման սկզբունքների առնչությամբ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության սկզբունքները չեն տարբերվում այդ հարցի վերաբերյալ Հայաստանի նախագահի թեկնածու, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներից։
«Մեր սկզբունքների հիմքում ընկած են Ղարաբաղի անկախությունը և ինքնիշխանությունը, իսկ Տեր-Պետրոսյանը պնդում է, որ այս հակամարտության լուծումը պետք է հիմնվի Ղարաբաղի ժողովրդի ցանկությունների վրա», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։
Նա նշեց, որ Ղարաբաղի ժողովուրդը միշտ ձգտել է անկախության և երբեք չի ցանկացել գտնվել Ադրբեջանի կազմում։ «Եթե նույնիսկ առաջանան որոշ շեղումներ այս հարցում, ապա դրանք պետք է լինեն մեր օգտին», - ասաց նա՝ ընգծելով, որ «Ժառանգությունը» մտադիր չէ որևէ զիջման գնալ այդ հարցում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-