Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել և ոչնչացվել է հասարակաց տուն

12.02.2008, 17:27
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել և ոչնչացվել է հասարակաց տուն
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել և ոչնչացվել է հասարակաց տուն

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել և ոչնչացվել է հասարակաց տուն։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

«Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներն առաջին անգամ հայտնաբերել են հասարակաց տուն, որը գործում էր Երևանի համայնքներից մեկում։ Հասարակաց տան ամսական եկամուտը կազմում էր տասնյակ հազար դոլարներ»,- ասաց Հովսեփյանը։

Գլխավոր դատախազը պարզաբանեց, որ հասարակաց տան գտնվելու վայրը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ դրա կառավարիչը դիմել է ոստիկանություն և հայտարարել, որ իրենից դրամ են շորթել։ Այդ ստուգումների արդյունքում էլ, ինչպես տեղեկացրեց Հովսեփյանը, հայտնաբերվել է հասարակաց տունը, որտեղ աշխատում էին ութ անբարոյական կանայք, որոնք ներկայումս բժշկական հետազոտություն են անցնում։

Ինչպես ավելացրեց ՀՀ գլխավոր դատախազը, հասարակաց տան գործունեությունից ստացված եկամուտն այդ կանայք հանձնում էին կառավարչին, ապա բուֆետապանին և արդյունքում, այդ գումարն ընկնում էր  որջի տիրոջ՝ ոմն Գալստյանի ձեռքը, որն ընկերական հարաբերությունների մեջ է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ։ Հովսեփյանի խոսքով, այն տարածքը, որտեղ գտնվում էր հասարակաց տունը, պատկանում էր հենց Հակոբյանին։ Տարածքը տրամադրվել էր Գայստյանին՝ անժամկետ և անհատույց օգտագործման համար։

«Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանում հասարակաց տուն է հայտնաբերվել։ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է ավելի ուշադիր լինեն նման դեպքերի նկատմամբ և պարբերական ստուգումներ կազմակերպեն կասկածելի վայրերում»,- հայտարարեց Հովսեփյանը։

ՀՀ ոստիկանության տվյալներով, 2007 թվականին հանրապետությունում արձանագրվել է պոռնկության մեջ և անօրինական աշխատանքային արտագաղթում ներգրավելու 10 դեպք։

Բժշկական հետազոտության է ենթարկվել պոռնկությամբ 357 մարդ, որոնցից 30-ի մոտ հայտնաբերվել են վեներական հիվանդություններ։ Ոստիկանությունում հաշվառված է 549 անբարոյական կին։--0—