Նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում հայկական ԶԼՄ-ներն առավել ակտիվորեն լուսաբանել են Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին

08.02.2008, 14:18
Նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում հայկական ԶԼՄ-ներն առավել ակտիվորեն լուսաբանել են Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում՝ 2008թ. հունվարի 21-27-ը, հայկական ԶԼՄ-ներն առավել ակտիվորեն լուսաբանել են նախագահի երկու թեկնածուների` Լևոն Տեր-Պետրոսյանի և գործող վարչապետ Սերժ Սարգսյանի գործունեությունը։ Այս մասին ուրբաթ հայտարարեց ECHO Research միջազգային ընկերության ներկայացուցիչ Քարեն Փրիչարդը (Karen Prichard)՝ ներկայացնելով Հայաստանի նախագահական ընտրություների մոնիտորինգի արդյունքները։

Նրա տվյալներով, հայկական լրատվամիջոցներում հաղորդագրությունների քանակությամբ առաջատարը Լևոն Տեր-Պետրոսյանն է։ «Տեր-Պետրոսյանի քարոզարշավի մասին հաղորդագրությունները կազմում են ռեպորտաժների և հոդվածների ընդհանուր քանակության 23 տոկոսը»,- հաղորդեց նա։

Մոնիտորինգի արդյունքների երկրորդ տողում գործող վարչապետ Սերժ Սարգսյանն է (21 տոկոս), նրան հաջորդում է ընդդիմադիր ՕԵԿ թեկնածու, նախկին ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանը (11 տոկոս), չորրորդ տեղում ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանն է (10 տոկոս)։

Մոնիտորինգի համաձայն, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի և ընդդիմադիր ԱԺԿ կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանի քարոզարշավները լուսաբանող հաղորդագրությունները կազմում են 8 տոկոս, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի քարոզարշավները 4-ական տոկոս են, իսկ ԼՂՀ նախկին խորհրդական Արման Մելիքյանի քաոզարշավի լուսաբանումը կազմում է 2 տոկոս։

Հայաստանի նախագահական ընտրությունների մոնիտորինգն անց է կացվել 2008 թ.-ի հունվարի 21-27-ը ECHO Research միջազգային կազմակերպության կողմից՝ «Մեդիամաքս» գործակալության հետ համատեղ՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Democracy) պատվերով։

Մոնիտորինգում ներգրավվել են մի շարք հայկական լրատվամիջոցներ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Հայկական երկրորդ հեռուստաալիքը, «Շանթ»,  «Արմենիա», «Երկիր Մեդիա» և «Կենտրոն» հեռուստաալիքները, ինչպես նաև Հայաստանի հանրային ռադիոն, Ազատություն ռադիոն, տպագիր լրատվամիջոցներից՝ հայալեզու «Հայաստանի Հանրապետությունը», «Ազգը», «Հայոց աշխարհը», «Առավոտը», «Հայկական ժամանակը», «Իրավունքը», «168 ժամը», «Հայքը», «Ժամանակ Երևանը», «Չորրորդ իշխանությունը» և ռուսերեն լեզվով՝ «Գոլոս Արմենիին» և «Նովոյե վրեմյան»։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ.-ի փետրվարի 19-ին, որոնց կմասնակցի 9 թեկնածու։ Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկել է նախագահի թեկնածուների նախընտրական արշավը, որը կտևի մինչև փետրվարի 17-ը։-0-