Ռուսաստանը մշտապես շահագրգիռ կլինի Հայաստանի իշխանությունների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարցում. ԱԺԿ առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը մշտապես շահագրգիռ կլինի Հայաստանի իշխանությունների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարցում։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտարարեց ԱԺԿ առաջնորդ Շավարշ Քոչարյանը։
«Տարածաշրջանային դրությունից ելնելով՝ Ռուսաստանը մշտապես շահագրգիռ կլինի Հայաստանի իշխանությունների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարցում։ Եւ այս համատեքստում ՌԴ-ն միշտ էլ աջակցելու է այն թեկնածուին, որին կհամարի հանրապետության նախագահի պաշտոնի համար ամենահավանական թեկնածուն»,- ասաց Քոչարյանը։
Նրա կարծիքով, Ռուսաստանը մշտապես փորձելու է պահպանել և ամրացնել փոխգործակցությունը, «քանի որ տարածաշրջանում կա հակառուսական տրամադրություններ ունեցող Վրաստանը և Ադրբեջանը, որը մշտապես խաղում է տարբեր լարերի վրա»։
«Այս համատեքստում Ռուսաստանի ցանկացած իշխանությունների համար կարևոր է Հայաստանի ցանկացած իշխանությունների հետ նորմալ հարաբերությունների պահպանումը, ինրը նաև կարևոր է մեզ համար, չնայած այն բանին, որ Հայաստանն ընտրել է եվրաինտեգրման ճանապարհը»,- ասաց Քոչարյանը։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։--0—