Հայաստանի նախագահը գոհ է հանրապետության և ԵՄ-ի հարաբերություններից

07.02.2008, 10:35
Հայաստանի նախագահը գոհ է հանրապետության և ԵՄ-ի հարաբերություններից

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը գոհ է հանրապետության և Եվրամիության միջև զարգացող փոխհարաբերություններից։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին Քոչարյանը հայտարարել է չորեքշաբթի՝ Սլովենիայի ԱԳ նախարար Դմիտրի Ռուպելի գլխավորած՝ ԵՄ «եռյակի» հետ ունեցած հանդիպման ժամանակ։

Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Եվրոպական Միության հետ ծավալվող համագործակցության վերաբերյալ, անդրադարձել են Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրին: Քոչարյանն ասել է, որ համատեղ գործողությունների ծրագրի շնորհիվ  հարաբերությունները դարձրել են շատ ավելի համակարգված:

Նա ողջունել է Հայաստանում Եվրահանձնաժողովի նոր դիվանագիտական առաքելության բացումը,  որը հնարավորություն կտա ավելի սերտորեն համագործակցել:

Անդրադառնալով 2008թ. փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ երկրի համար չափազանց պատասխանատու ժամանակահատված է: «Մենք շահագրգռված են անցկացնել իսկապես լավ ընտրություններ, միջազգային չափանիշներին համապատասխան և արել ենք հնարավոր ամեն ինչ` դրանք լավագույնս կազմակերպելու համար»,-շեշտել է նա:

ՀՀ նախագահը հյուրերին ներկայացրել է նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, Հայաստանի մոտեցումները էներգետիկ անվտանգության և տարածաշրջանային համագործակցության խնդիրների վերաբերյալ:

ԵՄ նախարարական «եռյակի» պատվիրակությունը, որի կազմում են արտաքին կապերի գծով կոմիսար Բենիտա Ֆեռերո Վալդները, Եվրամիության նախագահ, Սլովենիայի ԱԳ նախարար Դմիտրի Ռուպելը, Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպայի վարչության ղեկավար Ժակ Ֆորնը, այլ պաշտոնատար անձինք, երկօրյա այցով Հայաստան է ժամանել երեքշաբթի։

Նախօրեին Ֆեռերո Վալդները և ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը բացել են Հայաստանում եվրոպական պատվիրակության նոր շենքը։—0—