Հայաստանում լույս կտեսնի Փարաջանովի գեղարվեստական գործերի ալբոմը

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում լույս կտեսնի մեծ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի գեղարվեստական գործերի ալբոմը, չորեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։
«Այս հրատարակությունը դառնալու է Փարաջանովի առաջին ամենամեծ ալբոմը, այն արդեն գրեթե պատրաստ է և պարունակում է 150 աշխատանք, մասնավորապես, կոլաժներ, տիկնիկներ և նկարներ»,- ասաց Սարգսյանը։
Թանգարանի տնօրենը տեղեկացրեց, որ Փարաջանովի ալբոմի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում մոտ ժամանակներս՝ չնշելով ստույգ ժամկետը։
Նա նշեց, որ ալբոմի հրատարակության համար ֆինանսական աջակցություն է ցույց տվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։
«Տեղեկանալով, որ թանգարանի ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս հրատարակել մեծ կինոռեժիսորի ալբոմը, Հարությունյանը որոշեց օգնել, քանի որ Փարաջանովը կարող է մարդու ներքին ազատության հրաշալի օրինակ լինել»,- ասաց Սարգսյանը։
Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924-ի հունվարի 9-ին Թբիլիսիում, հայկական ընտանիքում։ Հանրահայտ ռեժիսորի, սցենարիստի և նկարչի ֆիլմերը արժանացել են տասնյակ միջազգային մրցանակների։
Մասնավորապես, մեծ հետաքրքրություն է ներկայացնում ռեժիսորի գեղարվեստական ստեղծագործությունը՝ կոլաժներ, կերամիկա, նկարներ։
Փարաջանովը վախճանվել է 1990-ի հուլիսի 20-ին Երևանում։ «Փարաջանովի հեռանալով՝ կինոաշխարհը կորցրեց իր մոգ-հրաշագործներից մեկին»,-այսպես են արտահայտվել կինոյի և մշակույթի ականավոր գործիչները նրա մահվանից հետո։
1991-ին Երևանում բացվեց ռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։--0--