Հայաստանը և Գերմանիան համագործակցելու են անօրինական միգրացիայի դեմ պայքարում

Հայաստանը և Գերմանիան համագործակցելու են անօրինական միգրացիայի դեմ պայքարում, երեքշաբթի ԱԺ նիստում հայտարարեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը՝ ներկայացնելով Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև կնքված «Հայաստանի և Գերմանիայի տարածքում անօրինական կերպով գտնվող անձանց փոխադարձ հանձնման և տրանզիտային տեղափոխության մասին» համաձայնագիրը (Ռեադմիսսիայի մասին համաձայնագիր)։
«Համաձայնագիրը կոչված է ուժեղացնել պետությունների պայքարն անօրինական միգրացիայի դեմ, օրինականացնել այն անձանց հայրենիք վերադարձը, ովքեր Հայաստանի և Գերմանիայի տարածքում են գտնվում առանց համապատասխան թույլատրության»,- տեղեկացրեց փոխնախարարը։
Ղարիբջանյանի խոսքերով, ռեադմիսսիայի մասին համաձայնագիրը հատկապես օգտակար կլինի Գերմանիայում անօրինական հիմունքներով բնակվող Հայաստանի քաղաքացիների համար։
ԱԳ փոխնախարարը նկատեց, որ ներկայումս Գերմանիայում է գտնվում հայկական պատվիրակությունը, որը պարբերաբար հանդիպումներ է անցկացնում Հայաստանից ապօրինի միգրանտների հետ՝ հնարավորությունների սահմաններում տրամադրելով նրանց օգնություն։--0--