Հայաստանի առաջին նախագահը չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ. ՀԴԿ
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի հայտնվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, կարծում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ (ՀԴԿ) Արամ Սարգսյանը։
«Մեր հարցումը ցույց է տվել, որ Տեր-Պետրոսյանը չի կարող երրորդից բարձր տեղ գրավելու հույս ունենալ»,-ասաց Սարգսյանը երկուշաբթի մամուլի ասուլիսում։
Նրա խոսքերով, Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները և տեսակետները չեն փոխվել նրա նախագահության շրջանից ի վեր և առաջվա պես անընդունելի են հասարակության համար։
«Քանի որ մեր կուսակցությունը միասնական վճիռ չկայացրեց որևէ թեկնածուի աջակցելու կապակցությամբ, մեր կուսակցության անդամները սահմանափակված չեն իրենց ընտրության մեջ և չպետք է աջակցեն միայն առաջին նախագահին։ Նրա թեկնածությանը բացահայտ աջակցելու դեպքում ՀԴԿ ցանկացած անդամ կհեռացվի կուսակցությունից»,-ասաց Սարգսյանը։
ՀԴԿ ղեկավարը խիստ բացասական գնահատական տվեց Տեր-Պետրոսյանի առաջարկած՝ ղարաբաղյան հիմնահարցի լուծման մոդելին։
«Նա կոչ է անում բարեկամանակ հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, ինչը Հայաստանի կողմից կպահանջի միակողմանի և անհիմն զիջումներ։ Ընդ որում, Տեր-Պետրոսյանը դա բացատրում է նրանով, որ Ադրբեջանը Հայաստանի համար ելք է դեպի Եվրոպա, թեև բոլորս էլ գիտենք, որ դա այդպես չէ»,-ընգծեց Սարգսյանը։
Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ –0-