Գործարարության ոլորտում գենդերային անհավասարության հիմքում ընկած են ազգային դաստաիարակության առանձնահատկությունները
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ձեռնարկատիրության բնագավառում առկա գենդերային անհավասարության հիմքում ընկած են ազգային դաստաիարակության առանձնահատկությունները, հայտարարեց «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպության նախագահ, «ԱԼ Տանդեմ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Լիլիթ Ավետիսյանը։
«Իհարկե, Հայաստանում կին-ձեռնարկատերերի թիվն առաջվա պես քիչ է, սակայն, ինչպես ցույց են տալիս մեր բոլոր ուսումնասիրությունները, այս հիմնախնդրի հիմքում ընկած են հայ ընտանիքներում տղաների և աղջիկների դաստիարակության տարբեր մոտեցումները»,- ուրբաթ «Ձեռնարկատիրությունը և կառավարումը՝ գենդերային տեսանկյունից» հասարակական քննարկումների ժամանակ ասաց նա։
Միաժամանակ, Ավետիսյանը նշեց, որ հայ կինը իր գործը ստեղծելու և ղեկավարելու հսկայական ներուժ ունի։
«Ձեռնարկատիրական գործունեության մեջ հաջողությունների հասնելու համար հայ կանայք մեծ ներուժ ունեն, առաջին հերթին, այն պատճառով, որ նրանք ավելի կազմակերպված և ճշգրիտ են իրենց գործողություններում, քան տղամարդիկ»,- ասաց նա։
Իր հերթին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց հիմնախնդիրների բաժնի գլխավոր մասնագետ Էլեոնորա Վիրաբյանը նշեց, որ շուկայական տնտեսության պայմաններում կանանց համար պետք է ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն։
«Այսօր մեր երկրի կանանց 58 տոկոսը բարձրագույն կրթություն ունի, սակայն դա բավական չէ նորմալ աշխատավարձ ապահովելու համար։ Կանանց մասնավոր գործարարության զարգացման համար պետք է ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն»,- հայտարարեց նա։
Միաժամանակ, Վիրաբյանը նշեց, որ բացի արտաքին գործոններից, որոնք խոչընդոտներ են ստեղծում կանանց մասնավոր գործարարության զարգացման համար, շատ դեպքերում կինն ինքն է վախենում ռիսկի դիմել։
«Շատ դեպքերում կինն ինքն է արգելակում իր բիզնեսի ստեղծումը, քանի որ այդ գործընթացն իր մեջ ռիսկի որոշակի տարր է պարունակում, իսկ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ռիսկի դիմելու սուր անհրաժեշտություն չեն զգում»,- ասաց նա։
Վիրաբյանը նաև ավելացրեց, որ դա կապված է նաև այն բանի հետ, որ ընտանիքի պաշտպանության խնդիրը նույնպես դրված է կնոջ վրա։
Քննարկումների ընթացքում նշվեց նաև, որ օրենսդրության մակարդակով կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններ են տրվում, իսկ անհավասարությունն, առաջին հերթին, բխում է սուբյեկտիվ պատճառներից և ազգային մտածելակերպից։
Հասարակական քննարկումները կազմակերպել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՄԱԶԾ-ի հետ համատեղ՝ «Կանայք և հասարակությունը» ծրագրի շրջանակներում։ Այս ծրագրի շրջանակներում նախատսեված է անցկացնել հինգ հասարակական քննարկումներ և երկու թոք-շոու։--0—