Ռուս-հայկական հարաբերությունները պետք է առաջնային լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության համար. նախագահի թեկնածուի ծրագիր

22.01.2008, 14:55
Ռուս-հայկական հարաբերությունները պետք է առաջնային լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության համար. նախագահի թեկնածուի ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ռուս-հայկական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը պետք է առաջնային լինի Հայաստանի արտաքին քաղաքականության համար, ասվում է ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի նախընտրական ծրագրում։

Փաստաթղթում ասվում է, որ վերջին տարիներին հարևան երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությունն ուղղված է Հայաստանին հարավ-կովկասյան տարածաշրջանում  իրականացվող խոշոր տնտեսական ծրագրերից դուրս մղելուն։

«Խոսքը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի և Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցման  և շահագործման մասին է։ Ակնհայտ է, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան տնտեսական ինտեգրումը վերափոխվում է ռազմավարական նշանակության ռազմաքաղաքական դաշինքի»,-նշվում է ծրագրում։

Նախագահի թեկնածուի կարծիքով, հարևան երկրների քաղաքականությունը ստիպում է, որպեսզի Հայաստանի արտաքին քաղաքականության համար կարևոր գերակայություններ հստակեցվեն։

«Առաջնահերթությունը պետք է տրվի ռուս-հայկական հարաբերությունների զարգացմանը և հարստացմանը՝ ՀԱՊԿ շրջանակներում ռազմավարական գործընկերության սկզբունքով»,- կարծում է նախագահի թեկնածուն։

Նրա կարծիքով, այս համատեքստում կարևորը երկու երկրների տնտեսական ինտեգրման համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումն է և միասնական տնտեսական գոտու ստեղծումը, ինչը ենթադրում է հարկային և մաքսային օրենսդրության փոխհամապատասխանեցում։

Թեկնածուն կարծում է, որ կովկասյան տարածաշրջանում կայունության   հիմնական դերը պետք է կատարեն միայն Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը։

«Տարածաշրջանի մյուս երկրները պետք է ներգրավվեն տարածաշրջանային զարգացման գործընթացների մեջ, սակայն, դրա հետ մեկտեղ՝ չթելադրելով իրենց կամքը։ Այս հիմքի վրա հնարավոր է և պետք է էլ ավելի խորացնել Իրանի հետ փոխշահավետ տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև առանց նախապայմանների երկխոսություն վարել Թուրքիայի հետ»,- նշվում է ծրագրում։                    
 
Գեղամյանը նաև կարծում է, որ անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել արտաքին քաղաքականության մեջ՝ ուղղված ԱՊՀ երկրների հետ տնտեսական կապերի զարգացմանը և հումքի ու սպառողական շուկայի վերականգնմանը։

«Մենք նաև կարևորում ենք Հայաստանի ներգրավումը  տարածաշրջանում տնտեսական միջազգային նոր նախագծերի մշակման գործում՝ այդ նպատակով լիարժեք օգտագործելով Հայաստանի  տնտեսության մեջ ներգրավված ռուսական կապիտալի ներկայությունը ի դեմս «Գազպրոմի», ՌԱՕ ԵԷՍ» և «Վիմպելկոմի»»,-նշվում է ծրագրում։

Փաստաթուղթը նաև հրավիրում է եվրոպական կառույցներ ինտեգրվելու հարցում խոսքից գործի անցնել։ Թեկնածուն առաջարկում է ԱՄՆ-ի հետ զարգացնել և խորացնել  քաղաքական և տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև նոր փոխշահավետ կապեր ստեղծել Մերձավոր Արևելքում և Ասիայում։

«Հարավ-կովկասյան տարածաշրջանի անվտանգությամբ շահագրգռված ԱՄՆ-ը և Եվրամիությունը կարող են խթանել տնտեսական բարեփոխումների անցկացումը, ժողովրդավարության զարգացումը և ժողովրդավարական արժեքների հաստատումը»,- նշվում է ծրագրում։

Նախագահական ընտրությունները Հայաստանում նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունվարի 21-ին և տևելու է մինչև փետրվարի 17-ը ներառյալ։ --0—