Ընդդիմադիր թեկնածուներից ոչ ոք չի կարող առանձին հաղթել Հայաստանի նախագահական ընտրություններում. «Ժառանգություն» կուսակցություն

Ընդդիմադիր թեկնածուներից ոչ ոք չի կարող առանձին հաղթել Հայաստանի նախագահական ընտրություններում, նշվում է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը փոխանցված հայտարարության մեջ։
«Սթափ քաղաքական մտածողության համաձայն, իրեն ընդդիմադիր համարող թեկնածուներից ոչ մեկն ի վիճակի չէ առանձին ընտրարշավով հաղթել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում»,-նշվում է հայտարարության մեջ։
Կուսակցությունում նշել են, որ մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետևություններ չեն արվել։
Այս կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը նախագահի թեկնածուներ Վազգեն Մանուկյանին (Ազգային ժողովրդավարական միություն), Վահան Հովհաննիսյանին (ՀՅԴ), Արթուր Բաղդասարյանին (Օրինաց Երկիր) և նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին կոչ է արել՝ վերանայել նախընտրական պայքարի մարտավարությունը։
Վերոնշյալ թեկնածուներից առնվազն երկուսի՝ միավորվելու պայմանները չկատարելու դեպքում, կուսակցությունը նախընտրական գործընթացների վերաբերյալ որոշում կկայացնի ավելի ուշ։
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուրբաթ տեղի ունեցած նիստի ժամանակ գրանցել է նախագահի ինը թեկնածուների։
Գրանցված թեկնածուների թվում են՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
ՀՀ նախագահի ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ Նախընտրական քարոզարշավը անցկացվելու է հունվարի 21-ից մինչը փետրվարի 17-ը։--0—